Ինչպե՞ս հանգուցալուծվեց Արցախի պետական համալսարանի ավելի քան կեսդարյա ճակատագիրը, որտեղ ուսանում էր մոտ 1600 ուսանող, արդյո՞ք գիտխորհրդի նիստ եղավ նախքան լուծարվելը, որտե՞ղ կորան ԱրՊՀ բանկային հաշիվները, այս և այլ հարցերի պատասխաններ
Oragir.News-ը փորձեց ստանալ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանից։
«Արցախի պետական համալսարանը ոչ մի գիտխորհրդի նիստ էլ չի արել, պարզապես հանրապետության նախագահի հրամանով հոկտեմբերի 1-ից լուծարվեց նաև ԱրՊՀ-ն, և բոլորս ազատվեցինք աշխատանքից»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանը, ում խոսքով՝ 1600 ուսանողների ավելի քան 90 տոկոսը «կցագրվել է» երևանյան բուհերին, հիմնականում՝ ԵՊՀ-ին, իսկ դասախոսների մեծ մասն այսօր էլ անգործ է, միայն մի փոքր մասին է հաջողվել աշխատանք գտնել։
Ինչ վերաբերում է համալսարանի բանկային հաշիվներին, նախկին ռեկտորն ասում է, որ բոլորը փակվել են։
«Մեր բանկային հաշիվները, քանի որ պետական բյուջեից էր, ինքնուրույն ոչինչ տնօրինելու հնարավորություն չունեինք։ Մենք հայտը ներկայացնում էինք մինֆին և ֆինանսավորվում»,- ասում է Արմեն Սարգսյանը։
Սարգսյանի խոսքով, համաձայն ՀՀ կառավարության որոշման, ուսանողները «կցագրվեցին» ՀՀ բուհերին, սակայն մինչ այսօր իրենք կազմակերպում են ուսանողների փաստաթղթերի տրամադրումը։
«Մոտավորապես 150 ուսանող այս պահի դրությամբ չի դիմել մեզ՝ փաստաթղթերի տրամադրման հարցով, հնարավոր է, որ վերջինները կամ տեղափոխվել են արտերկիր, կամ հրաժարվել ուսման գործընթացը շարունակելուց»,- ասում է նախկին ռեկտորը։
Երևանի և Արցախի վարձավճարների միջև կային զգալի տարբերություններ, և այն հարցին, թե ավելացված վճարների մասով արդյո՞ք կա որևէ լուծում, Արմեն Սարգսյանն ասում է, որ խոստացել են տարբերակներ մտածել, իսկ մտածե՞լ են, թե՞ ոչ, հստակ ոչինչ չի կարող ասել։