ԵՄ թեկնածուի կարգավիճակը կարևոր է, բայց Վրաստանի լիիրավ անդամակցությունը երկար կտևի
copy image url

ԵՄ թեկնածուի կարգավիճակը կարևոր է, բայց Վրաստանի լիիրավ անդամակցությունը երկար կտևի

Խոսք Արտաքին 1 տարի առաջ - 20:37 15-12-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին Եվրոպական խորհուրդը որոշել է Վրաստանին անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ շնորհել, իսկ Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության բանակցությունները։ Վրաստանը տևական ժամանակ էր, ինչ ձգտում էր ստանալ այս կարգավիճակը, սակայն նախորդ տարի ԵՄ-ն այն տրամադրել էր միայն Ուկրաինային և Մոլդովային, իսկ Վրաստանի համար սահմանել լրացուցիչ 12 հանձնարարականներ, որոնց կատարումից հետո միայն երկրին պետք է թեկնածուի կարգավիճակ շնորհվեր։ Միևնույն ժամանակ կարծիքներ էին հնչում, որ նախորդ տարի Վրաստանին այս կարգավիճակը չէր տրամադրվել բացառապես քաղաքական դրդապատճառներով, քանի որ այդ երկրի իշխանությունները հրաժարվել էին պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի Դաշնության դեմ։

Oragir.News-ի հետ զրույցում վրացագետ Ջոնի Մելիքյանը հայտնեց, որ այս որոշումը սպասելի էր, քանի որ այն կատարված աշխատանքի կամ 12-կետանոց ճանապարհային քարտեզի իրականացման գնահատականը չէր։

Նրա խոսքով՝ ներկայիս աշխարհաքաղաքական բարդ գործընթացների ֆոնին ԵՄ-ն ընտրության առաջ էր կանգնած՝ հստակ պարամետրերով գործընթացն ավարտին հասցնել կամ հրաժարվել դրանից։ Մեր զրուցակիցն ուշադրություն հրավիրեց այն բանի, որ ո՛չ Վրաստանը, ո՛չ էլ Ուկրաինան և Մոլդովան 100 տոկոսով չէին համապատասխանում բոլոր սահմանված չափանիշներին, սակայն վերջին երկու երկրների մասով նախորդ տարի քաղաքական որոշումը կայացվել էր, այս տարի էլ Վրաստանի մասով նույնը որոշեցին անել, և այդ սիմվոլիկ կարգավիճակը տրամադրվեց։

«Ի տարբերություն Վրաստանի՝ Ուկրաինայի և Մոլդովայի համար անդամակցության հարցով բանակցությունների սկիզբն է դրվել, ուստի նրանք մեկ քայլով ավելի առաջ են։ Վրաստանը շարունակելու է տարբեր բարեփոխումների ուղղությամբ կատարվող աշխատնքները, և երբ այդ գործընթացն ավարտի, համապատասխանի Կոպենհագյան բոլոր կրիտերիներին, իսկ ԵՄ-ում էլ պատրաստ կլինեն ընդլայնման գործընթացին, այդ ժամանակ միգուցե արդեն դառնա լիիրավ անդամ երկիր»,- նկատեց նա։

Վրացագետը շեշտում է, որ Վրաստանը պետք է բազմաթիվ քայլեր իրականացնի, որպեսզի իր հետ նույնպես ԵՄ-ն անցնի հաջորդ փուլին և մեկնարկի անդամակցության հարցով բանակցությունները։ Նրա խոսքով՝ լիիրավ անդամակցությունն արդեն ավելի դժվար և բարդ կոնսենսուսային որոշման արդյունք պետք է լինի. «Դրա համար ԵՄ-ում կան պետություններ ու քաղաքական գործիչներ, ովքեր գուցե հաջորդ տարի կայանալիք ընտրությունների ֆոնին փոխվեն և ընտրվեն այլ մոտեցում ունեցող գործիչները, սակայն այս հարցում արդեն կոնսենսուս կա, և աշխատանքները շարունակվելու են»։

Մելիքյանը նկատում է, որ Վրաստանի դեպքում սա լավ որոշում է, երկիրը շարունակում է նախկինում որդեգրված քաղաքականությունը։ Նա կարևորեց, որ այս ձեռքբերումը երկրի ներքին կայունության որոշակի էլեմենտ է տալիս, երկրի քաղաքական ուժերն այս հարցը լուծած կպատրաստվեն հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

Հարցին, թե առաջիկայում որքանով է իրատեսական այս երկրների լիիրավ անդամակցությունը՝ հաշվի առնելով նաև ԵՄ-ի այն հայտարարությունը, որ առնվազն մինչև 2030 թվականը չեն նախատեսում նոր անդամների ընդգրկել՝ փորձագետը պատասխանեց, որ 2030 թվականն էլ հստակ չէ, քանի որ այս ուղղությամբ պայմանական հայտարարություն է հնչեցվել։ Նա նշեց, որ հաշվի առնելով Բալկանյան երկրների 20-ամյա փորձը՝ գործընթացը դժվար է լինելու, բայց դա չի նշանակում, որ չպետք է ոչ մի բան անել, Վրաստանն այս օրակարգով պետք է շարունակի բարեփոխումները, պահպանի ու զարգացնի ժողովրդավարական ինստիտուտները և այլն։

Վրացագետը հիշեցրեց 2017-ին Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին հուշագիրը՝ նշելով, որի ուղղությամբ ներկայումս հայկական կողմն աշխատում է. «Դա պրոցես է, որն իրականացվում է ոչ միայն վերջնարդյունքի, այլ այդ բարեփոխումներն ունենալու և կայուն հասարակություն, պետություն կառուցելու համար։ Իսկ թե ինչ աշխարհաքաղաքական իրավիճակ կլինի պայմանական 2030, կամ 2040 թվականին, դա այլ հարց է և կախված չէ միայն այս պետություններից։ Եթե այդ ժամանակ առանցքային երկրներում՝ Ֆրանսիա, Գերմանիա և այլն, պատրաստ լինեն ընդլայնմանը, ապա կստացվի, չեն լինի՝ միգուցե պրոցեսը կրկին երկարի։ Այստեղ շատ բարդ է գուշակելը, թե ինչ իրավիճակ կլինի, շատ պայմաններ պիտի այնպես համընկնեն, որ պրոցեսը դրական ավարտ ունենա»։

Մեր զրուցակիցը ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի դեպքում մինչև այս ընդունված որոշումները կայացվել են ուկրաինական ճգնաժամի բարդ պրոցեսների համատեքստում։ Նրա խոսքով՝ այս ամենը ԵՄ-ի համար այնքան էլ պարտադրող չէ, սակայն լիիրավ անդամակցությունն արդեն բավականին լուրջ և պարտադրող քայլ է։

«Անհրաժեշտ է այս երկրների տնտեսություններն ընդգրկել կառույցի մեջ, աջակցել դրանց մակարդակի բարձրացմանը, ինչը միլիարդավոր դոլարների ներդրումներ է պահանջում։ Ուստի մինչև այժմ ինչ եղել է, անգամ վերջին քվեարկության ժամանակ Հունգարիայի պահվածքը ցույց է տալիս, որ կտրականապես դեմ չեն գործընթացին, թույլ են տալիս, որ առաջընթաց ապահովվի, բայց անդամակցության մասով ոչ բոլոր երկրներն են դրական վերաբերվելու»,- կարծում է նա։

Մելիքյանը հավելեց, որ այս որոշումը կարևոր է նաև Վրաստանի ներքաղաքական կյանքի համար, քանի որ այն որոշակի կայունություն կհաղորդի երկրի քաղաքական դաշտին։ Նա ասաց, որ առաջին հերթին Վրաստանի համար է կարևոր նորմալ զարգացած պետություն ունենալը, և եթե այս ամենը համընկնի նրա հետ, որ երկիրը դառնա ԵՄ անդամ, ապա իրենց համար բավականին լուրջ պրոգրես կլինի։

«Այս պրոցեսը կերկարաձգվի՞, թե՞ առհասարակ չի լինի բոլորովին այլ հարց է, որն այս պարագայում Թբիլիսիից կախված չի լինելու»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC

Ձեզ գուցե հետաքրքրի