2023-24 ուստարվա մեկնարկը 2-րդ, 5-րդ և 7-րդ աշակերտների համար սկսվեց առանց դասագրքերի։ Պատճառը նոր չափորոշինչներով գրված դասագրքերի՝ գործածության մեջ ուշ մտնելն էր։ Ավելին, հաշվի առնելով, որ 10-րդ դասարանի դասագրքերից ոչ բոլորն են, որ պատրաստ էին, այս ուստարվա ընթացքում որոշվեց չփոխել նախորդ տարիներին կիրառվող դասագրքերը, թեպետ նախապես հայտարարված էր դասագիրքը փոխելու մասին։
Օրերս հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց հանրակրթական դպրոցների նոր չափորոշիչներով կազմված «Հայ գրականություն 10» դասագիրքը, որ հաստատված էր նախարարության կողմից դեռ սեպտեմբերին, բայց հաշվի առնելով, որ 10-րդ դասարանի դասագրքերից ոչ բոլորն էին պատրաստ, որոշվեց գործածության դնել հաջորդ ուստարվանից։
«Հայ գրականություն 10» դասագրքի համահեղինակ, ԵՊՀ Հայ բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալբերտ Մակարյանը լրատվամիջոցմերից մեկի հետ զրույցում նշել է․ «Վերապահումով՝ չափանիշների խնդիր է, որ չքննարկվեց մեզ հետ, բուհերի հետ։ Դպրոցներում էլ են դժգոհ։ Ինչ-որ մարդիկ հավաքվել են և հաստատել են չափորոշիչներ, որոնց հետ ես համաձայն չեմ, թեպետ նոր դասագիրքը՝ 10-րդ դասարանի «Հայ գրականություն»-ը, դպրոց կմտնի սեպտեմբեր ամսից, որ արդեն երաշխավորված է, ունի մի թերություն՝ չափանիշների տեսակետից»։
Գրքի համահեղինակի խոսքը հանրության շրջանում բազմաթիվ դժգոհությունների առիթ տվեց, ինչի կապակցությամբ էլ
Oragir.News-ը զրուցեց պրոֆեսոր Ալբերտ Մակարյանի հետ՝ պարզելու իր վերաբերմունքն ու գնահատականը դասագրքի վերաբերյալ․ «Գնահատականը ո՞րն է․ հեղինակը ես եմ։ Ինքս ինձ գնահատական տալ չեմ կարող։ Գնահատականը կտրվի այն ժամանակ, երբ գիրքը դպրոց մտնի։ Միայն այդ ժամանակ կտեսնենք՝ ինչ արձագանքներ կլինեն։ Մոտեցման խնդիր չկա, ամեն ինչ ճիշտ է։ Այնքան անորոշ էին գրել․ ինձ անընդհատ զանգում են։ Ճիշտ չեն մեկնաբանում։ Ես ասել եմ, որ դասագիրքը գրված է անկաշկանդ․ ոչ մի միջամտություն չի եղել։ Չափորոշիչը տրված է եղել։ Հեղինակները տրված են եղել։ Դժգոհությունը ծրագրից է՝ ինչ են որոշել, ինչ են տվել։ Իրենք որոշել են, տվել են։ Իմ դժգոհությունն այն է, որ դասագրքում հեղինակներ կան, որ չկան, օրինակ՝ Միքայել Նալբանդյան, Պետրոս Դուրյան»։
Հարցին՝ ումն է վերոնշյալ հեղինակներին դասագրքերում չներառելու պատճառը, Մակարյանն ասաց․ «Ես ի՞նչ իմանամ․ նրանք խտացրե՞լ են ծրագրերը, թե՞ ինչ են արել, չգիտեմ։ Պատճառաբանությունը այն է եղել, որ ուրիշ դասարաններում են անցնում։ Անտեղյակ չեմ եղել․ ես տվել եմ որոշակի հեղինակների գրականության պատմությունը, երկերի մասին։ Ինձ ոչ մի սահմանափակում չի արվել։ Ես հանգիստ աշխատել եմ, «Էդիթ Պրինտ» հրատարակչությունն է պատվերը տվել։ Խոսքը տվածի մասին է։ Ես արել եմ առավելագույնը, ինչ կարող էի։ Չափանիշը կար, ես իրավունք չունեի խախտում կատարելու»։
Ամփոփելով զրույցը՝ Մակարյանն ասաց․ «Ծրագիրը ինչ տրվել է բոլորին, այն էլ արվել է։ Օրինակ՝ 10-ի դասագիրքը սկսվում է 19-րդ դարից՝ Աբովյանով։ Բա ո՞ւր է հայ հին և միջնադարյան գրականությունը։ Դա եղել է լրացուցիչ նյութ։ Այսինքն՝ երեխան QR-ով է մտնում ու նայում Հենրիկ Բախչինյանի գրած բաժինը։ Բայց թղթայինը Աբովյանով սկսվում է, Թումանյանով՝ ավարտվում։ Ուղղակի հարկավոր է՝ ճիշտ ընկալվի, որ իզուր հետը չեղած տեղից աղմուկ չբարձրանա։ Րաֆֆու խնդիրը մեզ հետ կապ չունի։ Չեն կարող ասել՝ հեղինակն ինչու 10-ի գրքում Րաֆֆի կամ Դուրյան չի ընդգրկել։ Մեզ տվել են ծրագիրը, չափորոշիչները՝ նախարարության կողմից մշակված։ Նրանք տվել են, ես էլ արել եմ։ Ինչքան կարող եմ, աշխատել եմ։ Լա՞վն է, թե՞ վատն է, կասի դպրոցը, կասի ուսուցիչը մյուս սեպտեմբերին։ Մյուս առարկաները պատրաստ չէին, և որոշեցին, ընդ որում՝ ճիշտ, որ հետաձգվի։ Դասագիրքը հաստատված է։ Պատրաստ է, երաշխավորված է։ Ասեմ՝ բավական լավ, հայրենասիրական ոգով գրված դասագիրք է, ես վստահ եմ, որ չեք դժգոհի ինչ-որ բանից։ Միակ դժգոհությունը, օրինակ՝ Րաֆֆու բացակայությունն է։ Հարցնում են՝ ուր է Րաֆֆին․ ես ի՞նչ իմանամ։ Րաֆֆին ես սիրով գրել եմ, Դուք էլ կարող եք QR-ով կարդալ։ Թեմաներին անդրադարձ եղել է, ես էլ շատ լավ գրել եմ Րաֆֆին։ Միայն ափսոս՝ թղթային տարբերակում չկա»։