Ստեփանակերտում շատերն էին ճանաչում Սոնյա Մարտիրոսյանին, ով ավելի քան 24 տարի շուկայում ամենահամով ժենգյալով հաց թխողներից մեկն էր։
«Իմ տեղը Ստեփանակերտի շուկայում բոլորը գիտեին, մուտքի անմիջապես ձախ կողմում էի։ Հատկապես շրջափակման օրերին, երբ մարդիկ ոչինչ չունեին ուտելու, օրական 100-ից ավելի ժենգյալով հաց էի թխում, իսկ հիմա մնացել եմ պարապ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է տիկին Սոնյան։
Ընտանիքը արցախից բռնագաղթվելուց հետո բնակվում է Արարատի մարզի Լանջազատ գյուղում։ Չնայած Լանջազատ գյուղում ժենգյալով հացի սիրահարները քիչ են, բայց մեր զրուցակիցը չի կոտրվում ու փորձում է նորից անցնել իր սիրելի զբաղմունքին։
Արցախից բռնագաղթելուց էլ իրեն չի կորցրել՝ հետը բերել է ոչ միայն ժենգյալով հացի համար նախատեսվող կանաչիների սերմերը, այլև որոշ պարագաներ։
«Վարձակալածս տան բակում արդեն ցանել եմ կանաչեղենը։ Սպասում եմ Կառավարության կողմից աջակցություն ստանամ ու գնեմ անհրաժեշտ պարագաներ ու գործի անցնեմ»,- ասում է մեր զրուցակիցը ու նեղվում, որ այս պահի դրությամբ ընտանիքը ֆինանսապես ծանր կացության մեջ է, որովհետև ոչ ոք չի աշխատում։