Պայթյունի հետևանքով վիրավորված ԵՊՀ աշխատակիցը հիվանդանոցում մահացել է
copy image url

Պայթյունի հետևանքով վիրավորված ԵՊՀ աշխատակիցը հիվանդանոցում մահացել է

Ներքին 1 տարի առաջ - 15:16 23-11-2023
ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկը մահացել է:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Հարգելի՛ լրագրողներ, կառավարության այսօրվա նիստից հետո ձեզ հետ ճեպազրույցի ընթացքում, ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին խոսելիս, ներկայացրել եմ երեկ` «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» իմ այցի պահին նրանց առողջական վիճակի մասին եղած տեղեկատվությունը, երբ երկուսի առողջական վիճակն էլ գնահատվում էր ծանր:

Ցավոք, հիվանդներից մեկի վիճակը կտրուկ վատացել է (ինչը նաև այրվածքային հիվանդության առանձնահատկություններից է): Բուժաշխատողների կողմից սիրտ-թոքային վերակենդանացումը եղել է անարդյունավետ, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել:

Մյուս պացիենտի առողջական վիճակն այս պահին կայուն է, տեղափոխվել է հիվանդասենյակ: Հաշվի առնելով այրվածքների մակերեսը և խորությունը` նա դեռևս պետք է գտնվի բժշկական դինամիկ հսկողության տակ»,-գրել է Ավանեսյանը:

ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանն էլ տեղեկացրել է, որ մահացել է վիրվորներից Ահարոն Հակոբյանը։

Հիշեցնենք, որ ԵՊՀ քիմիական ֆակուլտետի շենքում նոյեմբերի 17-ին պայթյուն էր տեղի ունեցել։ Պայթյունի հետեւանքով զոհվել էր մեկ մարդ, 2 հոգի հոսպիտալացվել էր։

ԵՊՀ աշխատակիցներ 70-ամյա Սեյրան Բիչախչյանն ու 66-ամյա Ահարոն Հակոբյանը «պոլիտրավմա, քիմիական այրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել էին Այրվածքաբանության ինստիտուտ։ Վերջիններս Երևանի բնակիչներ են և հիվանդանոցում հայտնել են, որ վնասվածքները ստացել են ԵՊՀ-ի քիմիայի ֆակուլտետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

Արդեն դեպքի վայրի նկուղային հարկում փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են Երևանի բնակիչ 73-ամյա Ժորժիկ Խաչատրյանի այրված դին։

Ոստիկաններն ու քննիչները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նշված համալսարանի նկուղային հարկում Ս. Բիչախչյանը իրեն անհայտ ծագման նյութը փակ տարայից դատարկել է դույլի մեջ, ինչի հետևանքով առաջացել է պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Իսկ նույն օրը Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին համոզում էր, որ ոչ մի պայթյուն տեղի չի ունեցել։

Իսկ թե որտեղից էր մամուլի խոսնակը վստահ, դա արդեն իր խնդիրն է։ Նա չէր կարող առանց իր վերադասի գիտության նման տեղեկություն հայտնել։ Նա կարող էր իրականությունն իմանալ, եթե հարցներ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյաին, ով առաջին իսկ պահից և մինչև ոստիկանների, փրկարարների ու քննիչների աշխատանքների ավարտը եղել է դեպքի վայրում ու հավանաբար տեղեկացված է եղել, որ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։

Ամենից շատ դիտված