Չէի ասի, որ այս պահին որևէ պատուհան փակ է. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը` հայ-ադրբեջանական բանակցությունների մասին
copy image url

Չէի ասի, որ այս պահին որևէ պատուհան փակ է. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը` հայ-ադրբեջանական բանակցությունների մասին

Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 10:52 18-11-2023
ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ Քարփենթերը հարցազրույց է տվել «Ազատությանը»։

«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ հարցին` «չնայած միջնորդների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների ջանքերին՝ Բաքուն երեկ հաղորդեց, որ չի մասնակցի վաշինգտոնյան բանակցություններին՝ միաժամանակ խիստ քննադատելով Միացյալ Նահանգներին կողմնակալության համար», դեսպանն արձագանքել է.

«Մենք շարունակում ենք համարել, որ Հայաստանի և Ադրբեջանի համար չափազանց կարևոր է հարաբերությունների կարգավորումը, որպեսզի տարածաշրջանում լինի խաղաղություն, կայունություն, բացվեն տրանսպորտային կապերը։ Մենք կարծում ենք, որ այս տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ունենալը բոլորի, անշուշտ, Միացյալ Նահանգների օգտին է: Եվ ուրեմն, մենք շարունակելու ենք փորձել հեշտացնել դա մեզ հասանելի գործիքների միջոցով: Եվ հուսով ենք, որ կողմերը նույնպես հասկանում են, որ դա բխում է նաև իրենց շահերից»։

Լրագրողը հետաքրքրվել է` պետքարտուղարի օգնականն ասել էր՝ առաջիկա շաբաթները վճռորոշ են լինելու հայ - ադրբեջանական բանակցությունների համար, կարելի՞ է ասել, որ Բաքվի «ոչ»-ը, մերժումը փակեց հնարավորությունների այս պատուհանը։ Քարփենթերը պատասխանել է.

«Ոչ։ Ես չէի ասի, որ այս պահին որևէ պատուհան փակ է։ Ես ֆիքսված ժամանակացույց չէի դնի բանակցային գործընթացի համար։ Ես դա չէի անի նաև վեց ամիս կամ մեկ տարի առաջ: Կարծում եմ՝ կարևոր է, որ բոլոր կողմերը կրկնապատկեն իրենց ջանքերը տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հասնելու համար, քանի որ դա, ինչպես նաև մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանությունը, մեզ համար չափազանց կարևոր է: Այսպիսով, մենք պատրաստվում ենք շարունակել դա անել»:

Հիշեցմանը, որ Ադրբեջանը չգնաց Վաշինգտոն, բոյկոտում է նաև Բրյուսելի հարթակը, դիտարկմանը` մտավախություն չկա՞, որ Արևմուտքը կկորցնի առաջնորդությունը, հատկապես որ Ռուսաստանը հետևողական փորձում է Մոսկվայում հանդիպում կազմակերպել, Քարփենթերն արձագանքել է.

«Կողմերը կօգտվեն այն ուղիներից, որոնք հնարավորություն կտան առաջընթաց գրանցել բանակցություններում։ Իհարկե, ես ներկայացնում եմ Միացյալ Նահանգները։ Կարծում եմ, որ մենք շատ հետևողական և սկզբունքային ջանքեր գործադրեցինք՝ այս գործի համար մեր լավ հաստատություններն առաջարկելով: Անշուշտ, պետքարտուղար Բլինքենն իր շատ ժամանակ, ջանք ու ռեսուրսներ է հատկացրել բանակցություններին աջակցելու և կարգավորման այս համաձայնագիրն առաջ մղելու համար: Այնպես որ, մենք կշարունակենք առաջարկել այդ լավ հաստատությունները։ Եվ դարձյալ, ի վերջո, կողմերից է կախված, թե որ գործընթացն է առավել նպաստավոր իրենց շահերին»:

Ամենից շատ դիտված