Խեղաթյուրում է հարկային համակարգը․ կառավարությունը մտադիր է չեղարկել շրջանառության հարկը
copy image url

Խեղաթյուրում է հարկային համակարգը․ կառավարությունը մտադիր է չեղարկել շրջանառության հարկը

Ներքին 1 տարի առաջ - 12:20 15-11-2023
Շրջանառության հարկը ՀՀ կառավարությունը ցանկանում է չեղարկել կամ առաջարկել այլ` ավելի լավ համակարգ։ Այդ մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարն ընդգծեց, որ պետք է ապահովեն հարկային վարչարարության և քաղաքականության ճեղքերի նվազում, և շրջանառության հարկի գրավչության նվազման միջոցով վերացնեն մի համակարգ, որը խեղաթյուրում է հարկային համակարգը․ «Մեր նպատակն է փոքրացնել այս հարկատեսակի կամ ռեժիմի գրավչությունը։ Այդ նպատակով տարբեր միջոցներ ենք ձեռնարկել։ Օրինակ` փաստաթղթավորման պահանջը պարտադիր ենք դարձրել։ Առաջիկայում հանդես կգանք նաև առաջարկով, որ կմեծացնենք փաստաթղթավորում իրականացնելու խթանները տնտեսվարողների համար` նպատակ ունենալով այս համակարգը դարձնել ավելի քիչ արտոնյալ»։

ՔՊ խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Արման Եղոյանը հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է խեղաթյուրում շրջանառության հարկը հարկային դաշտը, ինչին ի պատասխան նախարարն ասաց.

«Շրջանառության հարկը այնպես է ձևավորված, որ այն տնտեսվարողները, որոնք գործում են այդ հարկային ռեժիմում, ամեն ինչ անում են, որ իրենց շրջանառությունը չավելանա, որպեսզի չանցնեն ընդհանուր հարկման ռեժիմ: Եթե մենք ուզում ենք մի միջավայր ստեղծենք, որտեղ փոքր և միջին ձեռնարկությունները ավելի լավ պայմաններ ունենան, որպեսզի աճեն, դառնան մեծ ձեռնարկություններ, այս համակարգը դրան չի օգնում: Մենք պետք է մտածենք այնպիսի համակարգեր ձևավորել և այնպիսի խթաններ ստեղծել, որպեսզի իրոք ՓՄՁ-ներին աջակցություն լինի, բայց միևնույն ժամանակ հնարավորություն լինի աճելու, նորարարությամբ զբաղվելու: Սա էր իմ ասածի իմաստը: Մենք նպատակ չունենք հիմա այդ հարկային ռեժիմը վերացնել, նպատակ ունենք տարբեր գործիքներով այն ավելի քիչ գրավիչ ցույց տալ ու ցույց տալ տնտեսվարողներին, որ ընդհանուր հարկման ռեժիմում գործելը կարող է ավելի ձեռնտու լինել որոշ դեպքերում, քան շրջհարկով աշխատելը: Այդ համակարգը, որը կա, ինքը թույլ չի տալիս աճել, որովհետև այն շեմը, որը կա, մեծ սթրես է ձեռնարկության համար: Տարբերությունը պետք է փոքրացնել ու ինչ-որ մի ժամանակ այս համակարգը չեղարկել, կամ փոխարկել մի ավելի լավ համակարգով»:

Ամենից շատ դիտված