Ռուսաստանի Դաշնությունում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ Թեհրանում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպման օրակարգում է տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդումը։ Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Ջալալին ասել է՝ անդրադառնալով Իսլամական Հանրապետության հարևանության քաղաքականությանը։
Ջալալին շեշտել է, որ այդ հարցերը կարող են բանակցվել և լուծվել տարածաշրջանի երկրների համագործակցությամբ ու փոխգործակցությամբ և առանց արտաքին դերակատարների ներգրավման։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպմանը:
Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Թեհրանում հանդիպելու են «3+3» ձևաչափի շրջանակում`քննարկելու հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրները և փորձելու ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը (քաղաքական, տնտեսական, անվտանգության, տարանցիկ, էներգետիկ և այլն հարցերի շուրջ):