Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան՝ «3+3» ձևաչափով առաջին նախարարական հանդիպմանը մասնակցելու համար։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը։
Հաղորդվում է, որ այցի շրջանակներում Բայրամովը ելույթ կունենա նախարարական միջոցառմանը, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ կունենա։
Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափով անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը կկայանա այսօր․ հանդիպման նախաձեռնությամբ հանդես է եկել իրանական կողմը։ Թեհրանում կայանալիք հանդիպմանը կքննարկվեն՝ քաղաքականության, տնտեսության, տրանսպորտի, անվտանգության, էներգետիկայի ոլորտներում տարածաշրջանային համագործակցության հարցեր։
Հանդիպմանը կմասնակցի նաև Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հաստատել է, որ Թբիլիսին չի մասնակցի Թեհրանում կայանալիք՝ տարածաշրջանային «3+3» ձևաչափով հանդիպմանը։ «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է անցյալ տարի Մոսկվայում՝ կրկին առանց Վրաստանի մասնակցության։