Հոկտեմբերի 8֊ը ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի ծննդյան օրն է։
Ամերիկյան կինոարվեստի «Ոսկե շրջան»֊ի լեգենդ, ում նորարարություններն են՝
Առաջին անգամ է օգտագործել երկու խոսափողով ձայնագրումը և մոնտաժը մեկ ձայներիզի վրա։
Առաջին անգամ է նկարահանել ստուդիայից դուրս, շարժվող տեսախցիկով, օգտագործել միաժամանակ մի քանի տեսախցիկ։
Քաղաքի փողոցները ֆիլմում է առաջին անգամ հնչել ձայնը կադրից դուրս։
Բեքքի Շարփ կինոնկարը կինոյի պատմության առաջին գունավոր լիամետրաժ կինոնկարն է։
Կենսագրությունը
Ծնվել է 1897-ին, Թիֆլիսում:
Հայ մեծահարուստ բանկիրի՝ Զաքար Մամուլյանի և Վերժինեի ընտանիքում ծնված Ռուբենը մոր շնորհիվ, ով Թիֆլիսի հայկական դրամատիկական ընկերության նախագահն էր, վաղ հասակից կապվել է թատրոնին։
Յոթ տարեկանում ծնողների հետ մեկնել է Ֆրանսիա, որտեղ ուսանել է Փարիզի Մոնդենիի լիցեյում։
1913 թվականին վերադարձել է Թիֆլիս, շարունակել ուսումը։
Այնուհետև ուսանել է Մոսկվայի և Լոնդոնի համալսարանների իրավաբանական ֆակուլտետներում։
Որոշ ժամանակ հաճախել է Եվգենի Վախթանգովի թատերական ստուդիա։
Վերադառնալով Թիֆլիս, Մամուլյանը Լևոն Քալանթարի հետ 1918 թվականին հիմնադրել է բեմական արվեստի ստուդիա։
1920 թվականից Լոնդոնի և Փարիզի, 1923 թվականից Նյու Յորքի թատրոններում իրականացրել է շուրջ 60 դրամատիկական և երաժշտական բեմադրություններ, որոնք մեծ ազդեցություն են թողել ամերիկյան թատրոնի և կինոյի ձևավորման և զարգացման վրա։
1929 թվականից նկարահանել է կինոնկարներ, որտեղ իրականացրել է մի շարք նորարարություններ։
«1929 թվականին Մամուլյանը նկարահանում է իր առաջին ֆիլմը՝ «Ծափահարությունները», որը «նոր կինոյի» վառ նմուշ է: Բացի առաջին անգամ կիրառված տեխնիկական մի քանի հնարքներից՝ այս ֆիլմը աչքի է ընկնում նաև միանգամայն նոր, թարմ շնչով:
«Քաղաքային փողոցներ» (1931թ) կինոնկարում ռեժիսորն առաջին անգամ կիրառում է կադրից դուրս խոսքը:
«Բեքի Շարպ» (1935թ), «Արյուն և ավազ» (1941թ) ֆիլմերում Մամուլյանն առաջին անգամ գունային համակարգ է օգտագործում:
Ռեժիսորական վարպետությունը և, հատկապես, տաղանդավոր դերասանների հնարավորությունների բացահայտման մղումն առավել արտահայտված են նրա «Դոկտոր Ջեքիլը և միսթր Հայդը», «Սիրիր ինձ այս գիշեր», «Երգ երգոց» (գլխավոր դերում՝ Մառլեն Դիտրիխ), «Քրիստինա թագուհին» (գլխավոր դերում՝ Գրետա Գարբո), «Մենք կրկին ապրում ենք», «Ուրախ հրոսակ», «Ամառային արձակուրդ» և այլ ֆիլմերում:
Մեծ հաջողություն է ունեցել նաև «Զորրոյի նշանը» (1940թ) արկածային կինոնկարը, որն ամերիկյան կինոյի դասական նմուշներից է»:
1968 թվականին այցելել է Հայաստան։
Մահացել է 1987-ի դեկտեմբերի 4-ին, ԱՄՆ-ում: