Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Հոսեյն Բաղերին հայտարարել է, որ Ադրբեջանը լիովին հետ է բերել իր տարածքները Կովկասում վերջին իրադարձություններից հետո, եւ ընդգծել է Իրաքի հետ անվտանգության համաձայնագրի կատարման անհրաժեշտությունը։ Այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ Mehr լրատվական գործակալությունը։
Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետն իր ելույթում անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանի վերջին իրադարձություններին եւ ասել, որ «այն, ինչ արեց Ադրբեջանը, իր ինքնիշխանության վերականգնում էր իր ամբողջ տարածքի հանդեպ»։
«Այն, ինչ արել է Ադրբեջանը մինչեւ այժմ, դա իր տարածքային ամբողջականության վերադարձն է։ Այսինքն՝ շնորհիվ վերջին շաբաթների իրադարձությունների՝ նա կարողացավ նորից հաստատել լիակատար ինքնիշխանություն եւ իր տարածքային ամբողջականությունը,- ասել է նա։- Իհարկե, այս բոլոր հողերում փոքրամասնությունները պետք է ապրեն խաղաղ եւ ունենան այլ քաղաքացիների հետ հավասար իրավունքներ»։
«Այսուհետ մենք երկու հարեւան ունենք Կովկասում՝ Ադրբեջանը եւ Հայաստանը, որոնց հարգում ենք, եւ նրանց տարածքային ամբողջականության պահպանումը կարեւոր է մեզ համար, եւ դա այն հարցն է, որ մենք ընդգծել ենք երկու երկրների պաշտոնատար անձանց հետ մեր հանդիպումների եւ բանակցությունների ժամանակ,- ասել է գեներալը։- Ուստի մենք հույս ունենք, որ հասնելով լիակատար խաղաղության՝ կովկասյան տարածաշրջանը կդառնա խաղաղության եւ վերակառուցման վկան՝ իր ժողովրդի բարեկեցության բարելավման համար՝ առանց տարածաշրջանի աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական սահմանների փոփոխության»։
Նա նաեւ հավելել է, որ «այսուհետ պատերազմի շարունակումն արդարացում չի ունենա»։