Ադրբեջանի մասին Զելենսկու խոսքերից հետո Ֆրանսիայում հեռացրել են Ուկրաինայի դրոշը
copy image url

Ադրբեջանի մասին Զելենսկու խոսքերից հետո Ֆրանսիայում հեռացրել են Ուկրաինայի դրոշը

Արտաքին 1 տարի առաջ - 10:03 07-10-2023
Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Վիեն քաղաքի իշխանությունները հանել են Ուկրաինայի դրոշը քաղաքապետարանի ճակատից՝ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մասին խոսքերից հետո։ Այս մասին գրում է Le Dauphine Libere թերթը։

Ուկրաինայի դրոշը շենքի վրա տեղադրվել է 2022 թվականի փետրվարին։

Զելենսկին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել հոկտեմբերի 4-ին։ Ուկրաինայի նախագահը հեռագրային ալիքում գրել է, որ շնորհակալություն է հայտնել Բաքվին հումանիտար օգնության համար, մասնավորապես էներգետիկայի ոլորտում։

Ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը, մարտահրավերները և փոխգործակցության ձևաչափերը, ինչպես նաև «հաստատել են իրենց հավատարմությունը պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին»։

Վիենի քաղաքապետարանը նշել է, որ Զելենսկու այս հայտարարությունները «հարցեր են առաջացնում»։

«Մենք չենք կարող ապավինել արևմտյան արժեքներին և դրա հիման վրա օգնության կանչել Արևմուտքին՝ կիսելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների հիմքում ընկած ռեժիմի տեսլականը», - ասվում է քաղաքապետարանի մամլո հաղորդագրության մեջ։ Նրանք հավելել են, որ Հայաստանը «Կովկասում միակ իսկապես ժողովրդավարական պետությունն է»։

Ամենից շատ դիտված