Հոկտեմբերի 5-ը աշխարհի 100-ից ավելի երկրում նշվում է որպես ուսուցչի միջազգային օր: 1994 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հոկտեմբերի 5-ը հայտարարել է որպես ուսուցչի և կրթական ոլորտի բոլոր աշխատողների մասնագիտական տոն։ 1966 թվականի հենց այս օրը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության հրավիրած համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր:
2010 թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովը միաձայն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդմ` պաշտոնական տոնացույցում հոկտեմբերի 5-ն ամրագրվել է որպես Ուսուցչի օր:
Oragir.News-ը զրուցեց Արմավիրի թիվ 4 դպրոցի ուսուցիչների և անձնակազմի հետ, որոնցից գուցե մի քանիսը կորցնի աշխատանքը, քանի որ, հիշեցնենք, ԿԳՄՍ նախարարության ավելի վաղ ներկաայցված նախագծով թիվ 4 դպրոցը միանալու է թիվ 1-ին։
«Եթե դպրոցը լուծարվի, ապա ես, լինելով թիվ 4 դպրոցի տնօրենի ՄԿԱ գծով տեղակալ, աշխատանք չեմ ունենա»,- մեզ հետ զրույցում ասաց Լիլիթ Եփրեմյանը։
Հետաքրքվեցինք՝ ուսուցիչները գո՞հ են վարձատրության չափից, նրանք կես կատակ, կես լուրջ պատասխանեցին․ «Աշխատավարձն ի՞նչ բան է։ Մեր կյանքում ոչինչ չի փոխվել»։
Եվ, քանի որ դպրոցներում ուսուցիչների միջին աշխատավարձը մոտավորապես 80․000 դրամ է, և աշխատավարձը բարձրանում է, կամ ավելի ճիշտ, հավելավճար տրվում է, երբ մասնակցում են կամավոր ատեստավորմանն ու 70-ից բարձր միավոր հավաքում։ Սակայն, պարզվեց, շատ ուսուցիչներ անգամ հավելավճար չեն ստացել, ասում են՝ «Պետությունը դեռ պարտք է։ Ատեստվորմանը մասնակցել են նախորդ տարի, դեռ վերահաշվարկ չի արվել»։