Ուղիղ եթեր
Հայրապետը Լիբանանի պատվիրակության հետ քննարկել է ադրբեջանական իշխանությունների ցեղասպան քաղաքականությունը
copy image url

Հայրապետը Լիբանանի պատվիրակության հետ քննարկել է ադրբեջանական իշխանությունների ցեղասպան քաղաքականությունը

Ներքին 1 տարի առաջ - 19:47 02-10-2023
Հոկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Լիբանանի Հանրապետության սոցիալական հարցերի նախարար Հեկտոր Հաջջարին։

Հանդիպմանը ներկա էին նաև Լիբանանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախկին նախարար Վարդինե Օհանյանը և Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով նախարարի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, իր գնահատանքը հայտնեց սոցիալական ոլորտում Հայաստանի հետ գործակցության համար:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն անդրադարձավ ադրբեջանական իշխանությունների որդեգրած ցեղասպան քաղաքականությանը, որի արդյունքում հայաթափվեց Արցախը։ Նորին Սրբությունը խոր մտահոգությամբ ընդգծեց, որ բռնի տեղահանված արցախահայությունը հայտնվել է սոցիալական ծանր կացության մեջ։ Ստեղծված այս իրավիճակում Հայոց Հայրապետը հատկապես կարևորեց տեղահանված հայորդիների կեցության, կրթական խնդիրների, աշխատանքի ապահովման առաջնահերթությունները։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նշեց, որ Հայոց Եկեղեցին, ըստ ամենայնի, փորձում է իր օգտակարությունը բերել կորուստների, ցավի ու նեղությունների մեջ հայտնված արցախահայությանը, և հնարավորության սահմաններում անհրաժեշտ հոգածությունը ցուցաբերում իրենց կեցության ու կարիքների բավարարման հարցում։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, խոսելով Ադրբեջանի կողմից հայկական հոգևոր, մշակութային ժառանգության ոչնչացման փաստերի մասին, կարևորեց հետևողական ջանքերի ներդրումը դրանց պահպանման գործում։

Հայոց Հովվապետն իր երախտագիտությունը հայտնեց Լիբանանի իշխանություններին և ժողովրդին՝ ցեղասպանությունը վերապրած հայորդիներին իրենց երկրում ապաստան տալու և Հայաստանին մշտապես աջակցելու համար։

Իր հերթին նախարար Հեկտոր Հաջջարը ընդգծեց, որ Լիբանանը ևս անցել է նմանատիպ մարտահրավերների միջով և պատկերացնում է Հայաստանի առջև ծառացած խնդիրները։

Պարոն Հաջջարը տեղեկացրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ իր այցը նպատակ է հետապնդում ծանոթանալու Արցախից բռնի տեղահանված հայերի սոցիալական խնդիրներին և հնարավորինս աջակցելու դրանց հաղթահարմանը։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում