Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը ռազմավարական խնդիր է։ Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Էրդողանն ասել է Նախիջևանից վերադառնալիս՝ օդանավում լրագրողների հետ կայացած ասուլիսի ժամանակ։
Էրդողանը շեշտել է՝ Իրանը դրական է վերաբերվում Լեռնային Ղարաբաղով տրանսպորտային երթուղիների ստեղծմանը մասնակցելու գործընթացին:
«Եթե մենք ուզում ենք Զանգեզուրի և Լաչինի միջանցքները տեսնել որպես խաղաղության երթուղիներ, ապա մենք պետք է այդ հարցերը լուծենք հանգիստ և առանց կոնֆլիկտների։ Ինչ վերաբերվում է գնացքին, որը Թուրքիայից գնալու է Նախիջևան, այնուհետ Հայաստանով Ադրբեջան, ապա պետք է նայել Հայաստանով դրա անցման հարցին։ Եթե Հայաստանը չմասնակցի, երթուղին ինչպե՞ս կընթանա։ Իհարկե Իրանով: Իրանը դրական է վերաբերվում դրան, այնպես որ կարող է Իրանով դեպի Ադրբեջան ճանապարհ ստեղծվել»,- ասել է նա։
Թուրքիայի առաջնորդի խոսքով՝ Նախիջևանի և Ադրբեջանի մյուս շրջանների միջև ավտո և երկաթուղային ճանապարհների միջոցով ուղիղ կապի ապահովումը Անկարայի և Բաքվի համար առաջնահերթություն է, և դա կամրապնդի երկու երկրների հարաբերությունները։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թուրքիան և Ադրբեջանը ամեն ինչ կանեն, որպեսզի հնարավորինս շուտ բացեն միջանցքը։
«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հնարավորինս շուտ բացենք այդ միջանցքը։ Դա ռազմավարական խնդիր է, և այն պետք է լուծվի։ Երբ դա արվի, Բաքվից դուրս եկող մեքենան կամ գնացքը կարող է հասնել անմիջապես Կարս։ Հաճելի է Իրանի կողմից դրական ազդակներ տեսնել այս հարցում»,- եզրափակել է Էրդողանը։