Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում հաստատեց, որ ինքը նախապես տեղյակ է եղել Արցախի դեմ ադրբեջանական ռազմական գործողության մասին, անգամ շաբաթվա սկզբին հրահանգ է տվել արցախցիներին տեղավորելու համար համապատասխան կեցավայրեր ստեղծել։
Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը «Երկրի» հետ զրույցում իր հերթին փաստեց, որ Փաշինյանը ոչ միայն ուղղակի տեղյակ է եղել Ադրբեջանի գործողության մասին, այլև մանրամասն իրազեկված է եղել բոլոր գործընթացներից և զարգացումներից։
«Զինադադարի գին հանդիսացող Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարությունը քննարկման նյութ է եղել, և հայտարարության տեքստային տարբերակին նախօրոք ծանոթ են եղել ՀՀ պատասխանատու շրջանակներ, այդ թվում՝ անձամբ ՀՀ վարչապետը»,- ասել է Դավիթ Իշխանյանը։
Նա շեշտել է, որ Արցախի իրավիճակն ու ներկա պայմանները թույլ չեն տալիս այլ մանրամասներ հայտնել, սակայն ակնհայտ է, որ ՀՀ խորհրդարանականները իրենց տեղեկատվության պակասի պատճառով փորձում են մեղավորներ որոնել կամ մեղքը բարդել այլ պատասխանատու անձանց վրա։
Այսօր էլ իր ուղերձում վարչապետ Փաշինյանը հետևողականորեն առաջ տարավ իր որդեգրած գիծը․ մեղավորը ՀԱՊԿ-ն է և ռուս խաղաղապահները։
Նա մասնավորապես շեշտեց․ «2022 թ․ դեկտեմբերին ակնհայտ դարձավ, որ ՀԱՊԿ և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար։ Եվ այդ որոշումը որևէ կերպ ուղղված չէ ՀԱՊԿ-ի կամ ՌԴ դեմ։ Դա բխում է մեր արտաքին անվտանգության շահերից, և նման որոշում կայացնելը մեր սուվերեն իրավունքն է»։