Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի պահանջով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի վերաբերյալ, որը վերաբերում էր Արցախի շրջափակմանը։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։
Պաշտոնական Բաքուն պնդել է, թե, իբր «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որպես շանտաժի գործիք օգտագործելու Հայաստանի փորձը կրկին ձախողվեց»։ Ադրբեջանական կողմը միևնույն ժամանակ Հայաստանին մեղադրել է այս բարձրագույն մարմնին «մանիպուլյացիայի ենթարկելու և շահագործելու փորձեր կատարելու մեջ»՝ նշելով, որ «նման փորձերը ոչ միայն անարդյունավետ են հետկոնֆլիկտային շրջանում հարաբերությունների կարգավորման օրակարգը առաջ տանելու առումով, այլև ծայրահեղ ապակառուցողական»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ «Հայաստանը վերջապես կհասկանա, որ խնդիրների լուծման ճանապարհն անցնում է կառուցողական փոխգործակցության, ինչպես նաև միջազգային իրավական նորմերի և պարտավորությունների ազնիվ կատարման միջով»:
«Ինչպես ընդգծել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շատ անդամներ, տարածաշրջանում խաղաղության և կայունության հիմքը ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչումն է՝ թե՛ խոսքով, թե՛ գործով»,- ասվում է հայտարարության մեջ։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատասչությունը նաև նշել է, որ քննարկումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ակնա (Աղդամ-խմբ)-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործելու Ադրբեջանի առաջարկը դրական է ընդունվել միջազգային հանրության կողմից, իսկ այս հարցում Հայաստանի կողմից ստեղծված խոչընդոտները պետք է վճռականորեն վերացվեն՝ ապրանքների օրինական և թափանցիկ մատակարարումը ապահովելու համար։