Կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց վրաց իշխանություններին դժվարին իրավիճակում Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
copy image url

Կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց վրաց իշխանություններին դժվարին իրավիճակում Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար

Ներքին 1 տարի առաջ - 00:03 19-07-2023
Հուլիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեին՝ ուղեկցությամբ ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանի։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։

Նորին Սրբությունը կարևորեց երկու երկրների միջև նման փոխայցերը, որոնք նպաստում են հայ-վրացական բարեկամական կապերի առավել ամրապնդմանը և զարգացմանը: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը փոխանցեց վրաց իշխանություններին տիրող դժվարին իրավիճակում Հայաստանին ցուցաբերվող զորակցության, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձման նպատակով միջնորդական ջանքերի համար։

Իր հերթին Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահը Ամենայն Հայոց Հայրապետին մանրամասն տեղեկություններ փոխանցեց երկրում առկա կրոնական խճապատկերի և կրոնական կազմակերպությունների ու ավանդական Եկեղեցիների նկատմամբ տարվող պետական քաղաքականության մասին։ Իր խոսքում տիար Զազա Վաշակմաձեն նաև անդրադարձ կատարեց Վիրահայոց թեմի հետ ձևավորված գործակցությանը։

Զրույցի ընթացքում արծարծվեցին Վրաստանում հոգևոր ժառանգության պահպանմանը, Հայոց և Վրաց Եկեղեցիների փոխհարաբերություններին և հայ-վրացական կապերի հետագա ամրապնդմանն առնչվող հարցեր։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Համայն Վրաստանի Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքին:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի