Վերջին շրջանում բավականին ակտիվ քննարկվում է, որ առաջիկայում բացվելու է հայ-թուրքական սահմանի Մարգարա-Ալիջան անցկետը, որը Թուրքիայի կողմից միակողմանի փակ էր պահվում դեռևս 1993 թվականից, երբ հայկական ուժերն Արցախում ազատագրեցին Քարվաճառը։
Հայ-թուրքական ցամաքային սահմանը բացելու պարտավորությունը ձեռք էր բերվել դեռևս նախորդ տարվա հուլիսի 1-ին՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի չորրորդ ու դեռևս վերջին հանդիպման ընթացքում։ Հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել էին, որ առաջիկայում պետք է հայ-թուրքական սահմանը բացվի երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։
Թե ինչ կտա սահմանների բացումը Հայաստանին հստակ չէ, միևնույն ժամանակ խոսվում է որոշակի տնտեսական շահերի մասին, բայց անգամ այս ուղղությամբ որևէ հաշվարկ կատարված չէ, ինչից հնարավոր պատկերացում կազմել այն օգուտերի մասին, որոնք կստանա Հայաստանը։
Մասնավորապես հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարա գյուղի բնակիչներից մեկը Oragir.News-ի հետ զրույցում հայտնել էր, սահմանային անցակետում ակտիվ աշխատանքներ են ընթանում, իսկ այնտեղ աշխատող բանվորները քաղաքացուն տեղեկացրել են, որ օգոստոսի 1-ին նախատեսված է անցակետի բացումը՝ Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի մասնակցությամբ։
Հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ լուրերի տարածման հետ մեկտեղ մի շարք փորձագիտական շրջանակներ պնդում են, որ հնարավոր է հայ-թուրքական սահմանի բացումը համաձայնեցված չլինի Մոսկվայի հետ և հանգեցնի ռուսական կողմի հակազդեցությանն ու «պատժիչ գործողություններին»։ Հիշյալ շրջանակները Ռուսաստանի կողմից հնարավոր «պատժիչ գործողություններ» ասելով ակնարկում են, որ Ադրբեջանը կարող է Ռուսաստանի ուղղորդմամբ լարել Հայաստանի հետ սահմանին իրավիճակը, որի հետևանքով հայկական կողմը մարդկային և տարածքային կորուստներ կունենա։
Միևնույն ժամանակ այս տեսակետի կողմնակիցներն այն հիմնավորում են Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում վերջին շրջանում նկատվող լարվածության միտումներով, որոնք պայմանավորված են թուրքական կողմի վերջին գործողություններով։
Առհասարակ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն բանին, որ հայ-թուրքական ներկայիս կարգավորման գործընթացը, որը մեկնարկել է 2021 թվականի վերջին, ծավալվել է հիմնականում Ռուսաստանի միջնորդական ջանքերով, չնայած այն բանին Ռուսաստանն ուղղակիորեն հանդես չի գալիս որպես միջնորդ։ Միևնույն ժամանակ չնայած Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում առկա որոշակի լարվածության միտումներին, դրանք դեռևս գտնվում են վերհսկելի տիրույթում, և երկու երկրների իշխանություններն էլ անում են հնարավոր առավելագույնը՝ հարաբերությունների ներկայիս մակարդակը պահպանելու համար, քանի որ այն բխում է երկու երկրների շահերից։
Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա վերջիններս նույնպես, չնայած երբեմն նկատվող իրենց հակառուսական հռետորաբանությանը, Մոսկվայի հետ կապերն ամբողջովին չեն խզել, քանի որ շատ լավ գիտակցում են դրա հնարավոր հետևանքները՝ բոլոր առումներով։
Այսպիով կարող ենք փաստել, որ առանց Մոսկվայի հետ համաձայնեցման՝ հայ-թուրքական սահմանի բացումը քիչ հավանական է և անիրատեսական։ Չնայած ներկայումս Երևանի և Մոսկվայի հարաբերություններում որոշակի սառեցում է նկատվում, իսկ Մոսկվայի և Անկարայի հարաբերություններում՝ լարվածության միտումներ, այնուամենայնիվ այս երկրները միմյանց հետ կապված են բազմաթիվ թելերով, որոնք եթե նույնիսկ խզվեն, ապա դա տեղի չի ունենա տեսանելի ապագայում, դրա համար անհրաժեշտ է որաշակի ժամանակ։
՚