Շուրջ 1 ամիս առաջ՝ մայիսի 29-ին,
Oragir.News-ը գրել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանում բունտ է հասունանում, աշխատակիցները հանդիպում էին պահանջում Ծառուկյանի հետ։
Երեկ ժամը 16։00-ին այդքան սպասված հանդիպումը կայացել է, սակայն ինչպես
ավելի վաղ հայտնել էինք, ոչ բոլոր աշխատակիցներն են ներկա գտնվել և հարցեր ուղղել Ծառուկյանին։
Oragir.News-ին մանրամասներ են հայտնի դարձել Գագիկ Ծառուկյանի և «Արարատցեմենտ»-ի աշխատակիցների հանդիպումից։
«Գագիկ Ծառուկյանը խոսեց շխատավարձերի և գործարանաի տարածքում գտնվող «Ոսկե բանալի» հանսգտյան գոտու վերաբացման մասին, մեկ էլ մի գլուխ շնորհակալություն հայտնեց։
Աշխատավարձի հետ կապված ասաց՝ կբարձրացնենք, բայց կոնկրետ չնշեց, թե ինչքան։ Ասաց՝ Գոռը կասի, Գոռ Նազարյանն էլ գործարանի գլխավոր տնօրենն է։
Ասաց՝ ժողովուրդ ջան, «Золотой ключ»-ն էլ կբացենք, ամեն ինչ լավ կլինի, շնորհակալ եմ, շնորհակալ եմ․․․
«Золотой ключ»-ը գործարանի տարածքում գտնվող հանգստյան գոտի է, որը արդեն երկար ժամանակ է չի գործում։ Երբ Գագիկ Ծառուկյանն այս գործարանն ու տարածքը գնեց, այդ հանգստյան գոտին թե բնակիչների, թե գործարանի աշխատակիցների համար փակվեց։ Գործարանի նախկին պահակապետ Գալուստը այդ տարածքը գոմի էր վերածել, անասուններ էր պահում։
Այսքան տարի տանջվում, աշխատում ենք, մի անգամ նորմալ պարգևավճար չտվեցին, միայն Նոր տարուց առաջ 10․000-ական դրամ պարգևավճար են տալիս․․․»։
«Արարատցեմենտ» գործարանի մեր աղբյուրը նաև հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է նաև խաղողի մթերումների հետ կապված խնդիրներին․
«Ասաց՝ ժողովուրդ ջան, գիտե՞ք խի չեմ մթերում, որովհետև այն տարի ամենաթանկ գնով ընդունել եմ, տուժել եմ, իմ գրպանից եմ վճարել ժողովրդին, ժողովուրդն էլ ինձ չհասկացավ։ «Չհասկացավ» ասելով՝ նկատի ուներ ընտրություններին իրեն ձայն չտալը․․․»։