Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է՝ ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքները բացարձակապես անհիմն են: Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Զախարովան ասել է՝ պատասխանելով Լաչինի միջանցքում հնչած կրակոցների հետ կապված Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին ՀՀ ԱԳՆ կանչելու մասին հարցին։
Զախարովան նշել է, որ հունիսի 15-ին Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպը կապված է հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի բացակայության ընդհանուր խնդրի հետ։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը բազմիցս կոչ է արել մեր խորհրդատվական օգնությամբ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի արդյունավետ ու մանրակրկիտ աշխատանքը։
Ռուս պաշտոնյան հայտնել է, որ ռուսական կողմը ատրաստ է սահմանային գծի սահմանմանը։
«Մենք պատրաստ ենք օգնել սահմանային գծի որոշման հարցում, նաև այդ տարածքում, որը դարձել է կողմերի միջև կռվախնձոր։ Ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքները բացարձակապես անհիմն են։ Մենք խստորեն խորհուրդ ենք տալիս նվազեցնել այս կապակցությամբ ԶԼՄ-ների հռետորաբանության աստիճանը: Խաղաղապահները սերտորեն աշխատում են կողմերի հետ՝ իրավիճակը կարգավորելու համար։
Նրանք հստակորեն կատարում են իրավիճակը կայունացնելու և իրենց պատասխանատվության գոտում հրադադարի և ռազմական գործողությունների պահպանման խնդիրը»,- եզրափակել է նա։