Եվրոպական կառույցները բավարար միջոցներ չունեն, որպեսզի զսպեն Ադրբեջանի ախորժակը
copy image url

Եվրոպական կառույցները բավարար միջոցներ չունեն, որպեսզի զսպեն Ադրբեջանի ախորժակը

Խոսք Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 21:00 20-06-2023
Նախօրեին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Հայաստանում իր գործունեությանն ու վերջին զարգացուներին։ Առաքելությունը հայտնել էր, որ իր անդամներն ամեն շաբաթ անցնում են մոտ 3800 կմ՝ հայ-ադրբեջանական սահմանին հարակից շրջաններում անվտանգության զարգացումներին հետևելու համար։

Միևնույն ժամանակ հայտնի դարձավ, որ Հայաստան կժամանի նաև Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի պատվիրակությունը։ Նշվում է, որ այցի հիմնական նպատակն է գնահատել Հայաստանում անվտանգության իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը, որը սկսվել է այս տարվա փետրվարին։

Oragir.News-ի հետ զրույցում միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը նշեց, որ ԵՄ դիտորդական առաքելության հայտարարությունն առաջին հերթին ուղղված էր հայ հանրությանը առ այն, որ իրենք այստեղ աշխատում են, և այն խոսակցությունները, որ իրենք մեղադրում են ոչինչ չանելու մեջ, այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում։

Միջազգայնագետը հայտնեց նաև, որ թերահավատորեն է մոտենում հայտարարության մեջ հիշատակված 3800 կմ տարածքին, քանի որ դա հսկայական տարածություն է, իսկ Հայաստանի մի ծայրից մյուս ծայրը ընկած տարածությունը 600 կմ-ն չի գերազանցում։

«Պարզապես պետք է հասկանալ, թե այդ մարդիկ որտեղ են այդքան տարածությունը անցնում, բայց սա ներքին լսարանին հանգստացնելուն ուղղված հայտարարություն է, որովհետև աստիճանաբար դիտորդների նկատմամբ վստահությունը նվազում է, իսկ բացասական վերաբերմունքը աճում է։ Սրանով փորձ է կատարվում բացասական վերաբերմունքը նվազեցնել և բարձրացնել վստահությունը»,- կարծում է նա։

Գրիգոր Բալասանյանը համոզմունք հայտնեց, որ 3800 կիլոմետրի մասին հիշատակումն ավելի շատ քարոզչական բնույթ էր կրում, քանի որ իրենց տեղակայված են դիցուք Եղեգնաձոր քաղաքում և որքանով մենք ենք տեղյակ, այս պահին դիտարկում են անցկացնում Գեղարքունիքի մարզի Վարդենիսի հատվածում, ինչպես նաև մինչև Տեղ գյուղ ընկած հատվածը։ Նա ընդգծում է, որ Եղեգնաձորից մինչև Տեղ գյուղ ընկած տարածքը չի գերազանցում 180 կմ-ն, գրեթե նույնքան էլ կազմում է այտեղից մինչև Վարդենիս ընկած տարածությունը։

«Այսինքն՝ գնալ-գալով յուրքանչյուր հատվածը կազմում է 360 կիլոմետր։ 3800 կիլոմետրը հսակայական տարածք է, և միգուցե դա ասվում է, որպեսզի իրենց կատարողական ապահովեն, այսինքն՝ ԵՄ-ի համապատասխան կառույցներից կարողանան փոխհատուցում ստանալ իրենց ծախսերի համար։ Բայց ես մի փոքր թերահավատ եմ, որ նրանք Հայաստանում կարող են այդքան տարածք անցնել և իրենց ծառայությունն անցկացնել»,- նշեց նա։

Անդրադառնալով Հայաստանում եվրոպացի դիտորդների գործունեությանը և արձանագրած արդյունքներին՝ միջազգայնագետը նկատեց, որ արդյունքներ առհասարակ չկան, իսկ նրանց աշխատանքը որակեց որպես լրտեսություն՝ նշելով, որ նրանք այստեղ Ադրբեջանի օգտին լրտեսությունից բացի ուրիշ ոչ մի բանով չեն զբաղվում։

Հարցին, թե Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի պատվիրակության այցը ի՞նչ նպատակներ է հետապնդում, և ի՞նչ արդյունքներ կարող ենք ակնկալել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ այս այցը և եվրոպական կառույցների կողմից պարբերաբար կազմակերպվող մյուս այցերը մի նպատակ ունեն՝ հայ ազգի մոտ բարձրացնել, կամ անհանգստության մակարդակի բարձրացնել անվտանգության զգացողության մակարդակը, որ եվրոպական անվտանգային կառույցները հետևում են, իրենք այստեղ են, ներկա են և երբևիցե թույլ չեն տա, որ Ադրբեջանը հարձակում կամ սադրանքներ իրականացնի։

Գրիգոր Բալասանյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ գործնականում այս այցերը ոչինչ չեն կարող տալ, որովհետև այդ կառույցները իրենց ձեռքի տակ չունեն այն բավարար միջոցները, որոնցով կկարողանան զսպել Ադրբեջանի ախորժակը և այնպես անել, որ Ադրբեջանը հրաժարվի կամ հետաձգի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր մտադրությունը։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված