Համացանցում կիբերհանցագործները նոր ձևով են փորձում գումարներ շորթել։ Տևական ժամանակ է, ինչ համացանցում տարածված են կեղծ գովազդային հայտարարություններ՝ հայտնի մարդկանց լուսանկարներով, այդ թվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարով։
Oragir.News-ի հետ զրույցում մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ասել է, որ այս ամենը ունի մեկ տարվա վաղեմություն։ «Անհնարին է դրանք խափանել, որովհետև անընդհատ տարբեր էջերից են անում, տարբեր ոճի, որակի, տեսքտի։ Միակ խափանման միջոցը մարդկանց գլուխներն են»,- ասաց մեդիա փորձագետը։
Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ մարդկանց վստահությունը շահելու համար տարբեր հայտնի մարդիկ են ընտրվում, տարբեր տեսանյութեր են պատրաստում և սա անընդհատ փոփոխվող բան է։

«Գրեթե անհնարին է նման կեղծ էջերին գումար տրամադրելուց հետո դրանք հետ ստանալ, որովհետև ձեռք բերված գումարները դուրս են բերվում երկրից կրիպտոարժույթով։
Հույս ունենալ, որ գումար տալուց հետո հետ կստանաս, գրեթե անհնարին է»,- նշեց Մարտիրոսյանը։
Oragir.News-ը փորձեց դատախազությունից ճշտել, թե արդյոք տեղյակ են այս դեպքի մասին և ինչ քայլեր են ձեռնարկում այս առթիվ, սակայն դատախազությունից ասացին, որ պետք է գրավոր հարցում ուղարկել։
Հարցման պատասխանը ունենալու դեպքում այն կհրապարակենք։