2011 թվականի մարտի 15-ին Սիրիայի քաղաքացիները դուրս էին եկել փողոց` ժողովրդավարության և ազատության պահանջով, ինչը երկիրը ներքաշեց քաղաքացիական պատերազմի մեջ, երբեմնի ծաղկուն երկրի մի զգալի հատվածը վերածվեց փլատակների, իսկ նախագահ Բաշար ալ Ասադին հաջողվեց պահպանել իր իշխանությունը` հիմնականում Ռուսաստանի Դաշնության ցուցաբերած աջակցության շնորհիվ: Հենց այդ օրը տեղի ունեցավ Բաշար Ասադի դեմ ամենախոշորը բողոքի ակցիան, որի ընթացքում շուրջ երկու հարյուր ցուցարարներ պահանջում էին ազատ արձակել քաղբանտարկյալներին, վերականգնել անձնական, քաղաքական և տնտեսական ազատությունները, վերացնել կոռուպցիան։
Հակակառավարական ալիքը թափ հավաքեց մի գրաֆիտիի պատմությունից․ Դերաա քաղաքում մի պատի վրա հայտնվեց «Հերթը ձերն է, բժիշկ» գրություն, որն ակնհայտորեն հասցեագրված էր մասնագիտությամբ բժիշկ, այն ժամանակ 45-ամյա Բաշար Ասադին, ով արդեն 11 տարի ղեկավարում էր երկիրը։ Գրաֆիտիի հեղինակները շուտով հայտնաբերվեցին, ձերբակալվեցին ու բանտում կտտանքների ենթարկվեցին։ Ոստիկանական գործողությունները կոշտ արձագանք ստացան հանրության շրջանում, որն արդեն ոգեշնչված էր հարևան երկրներում տեղի ունեցող հեղափոխական տրամադրություններով։
Սիրիայի իշխանությունների համոզմամբ` բողոքի ակցիաները կազմակերպվել են արտաքին ուժերի դավադրության արդյունքում և փորձեց ճնշել բողոքի ալիքը: Մի քանի շաբաթ անց՝ 2011 թվականի մայիսին Հոմսում ցուցարարների վրա կրակում էին տանկերից։ Փաստացի խաղաղ ցույցերը մի քանի ամսում վերածվեցին զինված հակամարտության, որը գնալով թեժանում էր, խաղադրույքը մեծացնում էին թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, որին հետագայում միացան նաև տարբեր ծայրահեղական զինված խմբավորումները, որոնք վայելում էին Սիրիայում շահեր հետապնդող տարբեր երկրների` այդ թվում նաև Թուրքիայի աջակցությունը։
Մերձավոր Արևելքի երբեմնի ամենահաջողակ պետությունը մի քանի ամսվա ընթացքում դարձավ պատերազմի թատերաբեր, որտեղ դեմ-դիմաց էին հայտնվել տարածաշրջանի երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան, Արևմուտքը։ Սիրիան վերածվեց քաղաքական ծայրահեղականների և միջազգային ահաբեկիչների առճակատման կենտրոնի, որտեղ իրենց հարաբերություններն էին պարզում իրանցիներն ու իսրայելցիները, թուրքերն ու քրդերը, շիաներն ու սուննիները, Մոսկվան ու Վաշինգտոնը, ինչն էլ իր հերթին սիրիական խնդիրը դարձրեց ժամանակակից աշխարհի ամենասուր մարդասիրական ճգնաժամը։ Մի շարք փորձագետների համոզմամբ` հակամարտությունը ավելի քան մեկ տասնամյակ շարունակվում է հենց այս պատճառով ես Սիրիայի ճակատագիրը վաղուց սիրիացիների ձեռքում չէ, իսկ հակամարտության կարգավորման բանալին իրար մեջ են կիսում արտաքին խաղացողները։
Սիրիայում ռազմական գործողությունները 2020 թվականի մարտից փաստացի դադարել են` Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում, չնայած վերջինս պարբերաբար խոսում է այդ երկրի տարածքում նոր ռազմական գործողություն սկսելու հնարավորության մասին: Սակայն ռազմական գործողությունների դադարեցման արդյունքում հակամարտությունը դեռևս չի ավարտվել, և հակամարտության կարգավորման հարցը շարունակում է օդից կախված մնալ:
Սիրիական հակամարտության ընթացքում նախագահ Բաշար ալ Ասադին հաջողվեց վերականգնել իր վերահսկողությունը Սիրիայի տարածքի երկու երրորդի նկր՝ ներառյալ Դամասկոսը, Հալեպը, Հոմսը, Համան, Լաթաքիան, Տարտուսը, Դերաան, Դեյր Զորը, որտեղ հետպատերազմյան Սիրիայի 17 միլիոնանոց բնակչությունից բնակվում է շուրջ 12 միլիոնը։ Նկատենք, որ հակամարտության ամենաբարդ փուլում Ասադի վարչակազմը վերահսկում էր երկրի տարածքի միայն մեկ երրորդը:
Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողությունից դուրս մնացած տարածքները բաժանվել են երեք մասի, որոնցից մեկը քրդական կոալիցիայի ձեռքում է, որին աջակցում է ԱՄՆ-ն։ Հենց այդ շրջաններում է գտնվում երկրի բնական ռեսուրսների 80 տոկոսը։ Երկրի մյուս հատվածում` Աֆրին նահանգի գլխավորությամբ իշխանություն են հաստատել Թուրքիայի աջակցությունը վայելող ապստամբ խմբավորումները։ Իսկ երկրի մյուս հատվածը` Իդլիբ նահանգը շարունակում են վերահսկել ջիհադիստական խմբավորումները և թուրքական ուժերը:
Տարբեր փորձագետների տվյալներով` Սիրիայի կառավարական բանակը վերահսկում է երկրի ցամաքային սահմանների միայն 15 տոկոսը, իսկ մյուս մասը արտաքին ուժերի է ենթակայության տակ է։ Նույն իրավիճակն է նաև օդային և ծովային սահմանների պարագայում։
Սիրիական հակամարտության հենց սկզբից Ռուսաստանի Դաշնությունը են Իրանի Իսլամական Հանրապետությունն իրենց աջակցությունը հայտնեցին Ասադի վարչակարգին: Հատկապես Ռուսաստանի ցուցաբերած ռազմական աջակցության շնորհիվ Ասադին հաջողվեց պահպանել իր իշխանությունը, ինչպես նաև վերականգնել իր վերահսկողությունը երկրի տարածքի մեծ մասի նկատմամբ: Բացի ռազմական աջակցությունը Ռուսաստանը նաև քաղաքական աջակցություն էր ցուցաբերում Սիրիային` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Չինաստանի հետ միասին խոչընդոտելով Սիրիայի դեմ բանաձևերի ընդունումը:
Սիրիայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը որոշվում է աշխարհակարգի վերաբերյալ նրա պատկերացումներով, որոնց համաձայն ուժի կիրառումը պետք է իրականացվի ՄԱԿ-ի վերահսկողության ներքո, իսկ ռեժիմների փոփոխությունը դրսից միջամտության հաշվին անթույլատրելի է։ Ռուսաստանի ղեկավարությունը վախենում էր Սիրիայում հակամարտության արմատականացումից և այլ երկրներ դրա տարածումից։ 2013 թվականի սեպտեմբերի 11-ին The New York Times թերթում հրապարակվել Է Պուտինի «Ռուսաստանը զգուշության կոչ է անում» հոդվածը, որը գրված է ամերիկացի ժողովրդին ուղղված բաց նամակի տեսքով և պարունակում է ռուսական քաղաքական գծի պարզաբանում սիրիական հակամարտության վերաբերյալ։ Իր հոդվածում Ռուսաստանի նախագահը նախազգուշացրել Է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի «ամերիկյան ազգի բացառիկության մասին» թեզի վտանգի մասին[։ Հոդվածն առաջացրել է համաշխարհային հանրության ոչ միակարծիք արձագանքը։
2013 թվականի սեպտեմբերին ռուսական դիվանագիտության հաջողությունը սիրիական քիմիական զենքի հարցում միջնորդությունն էր։ Վլադիմիր Պուտինը կարողացել է կանխել Սիրիային ամերիկյան հարվածների սպառնալիքը սիրիական քիմիական զինանոցի ոչնչացման իր առաջարկությամբ։
2014 թվականին Սիրիայի տարածքի մի մասը գրավվեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից։ 2015 թվականի աշնանը Սիրիայում իրավիճակը աղետալի դարձավ՝ սպառնալով սիրիական կառավարական բանակի պարտությամբ և Դամասկոսի գրավմամբ, ինչը կհանգեցներ սիրիական պետականության կործանմանը։ Ահաբեկչական խմբավորումները և զինված ընդդիմության կազմավորումները ռազմավարական առավելություն ունեին և վերահսկում էին ամբողջ նահանգներն ու նավթային հանքավայրերի մեծ մասը, իսկ կառավարական ուժերը փաստացի սեղմված են եղել Սիրիայի արևմտյան սահմանին:
2015 թվականի սեպտեմբերի 30-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով Ռուսաստանը ռազմական գործողություն սկսեց Սիրիայում «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորումների դեմ։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը հրաժարվել է միանալ ԱՄՆ հովանու ներքո գործող միջազգային կոալիցիային՝ պատճառաբանելով, որ այդ կոալիցիան Սիրիայում գործում է առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատի և չունենալով Սիրիայի օրինական կառավարության համաձայնությունը։
Ռուսաստանի անդամակցությունը հակամարտությանը թույլ տվեց արմատական կերպով փոխել ռազմական գործողությունների ուղղվածությունն ու բնույթը։ 2017 թվականի հունվարին Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախաձեռնությամբ Աստանայում սկսվեցին միջսիրիական խաղաղ բանակցությունները, որոնց մասնակիցները հակամարտության ընթացքում առաջին անգամ դարձան սիրիական կառավարության և զինված ընդդիմության ներկայացուցիչները։ 2018 թվականի սկզբին պարզ դարձավ, որ Ռուսաստանի (Սիրիա, Իրան և տեղի տարբեր աշխարհազորայիններ) ղեկավարած ուժերի կոալիցիան, ընդհանուր առմամբ, արդեն մոտ է իր գլխավոր ռազմա-ռազմավարական խնդիրների կատարմանը։
Այս ռազմական հաջողությունը հանգեցրեց քաղաքական առավելությունների ձեռքբերմանը և ռուսական պայմաններով քաղաքական համաձայնության հաստատմանը։ Բացի այդ, Թուրքիան և Սաուդյան Արաբիան համոզվել են, որ իրենց կողմից հովանավորվող խմբավորումներին չեն մասնակցի պատերազմին, իսկ ԱՄՆ-ն ստիպված է եղել հրաժարվել նախագահ Բաշար Ասադի իշխանությունը փոխելու մտադրությունից: Ասադին հեռացնելու մտքից փաստացի հրաժարվել է նաև Թուրքիան, որը Ռուսաստանի և Իրանի միջնորդությամբ բանակցություններ է սկսել Սիրիայի հետ:
Միևնույն ժամանակ Սիրիան այս տարվա մայիսին 12 տարվա դադարից հետո վերադարձավ Արաբական երկրների լիգա, որը Ասադի հերթական հաջողությունն էր: Սիրիայի անդամակցության վերականգնումն Արաբական լիգայում, ըստ BBC-ի, Դամասկոսի և արաբական այլ կառավարությունների միջև հարաբերությունների ջերմացման ևս մեկ վկայություն էր: Սիրիայի վերադարձին աջակցեցին կազմակերպության անդամ 22 երկրից 13-ի արտգործնախարարները: Նրանք ընդգծել են Սիրիայում քաղաքացիական պատերազմին և դրա հետևանքով փախստականների ու թմրամիջոցների մաքսանենգության ճգնաժամին վերջ տալու անհրաժեշտությունը:
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան քննադատել են Արաբական պետությունների լիգայի այս քայլը: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն ասել էր, որ Սիրիան արժանի չէ վերականգնվելու, սակայն ԱՄՆ-ն աջակցում է Արաբական լիգայի երկարաժամկետ նպատակին՝ լուծելու Սիրիայում ճգնաժամը: Մեծ Բրիտանիայի համագործակցության և զարգացման հարցերով պետնախարար լորդ Ահմադը նշել էր, որ Մեծ Բրիտանիան դեմ է Ասադի ռեժիմի հետ հարաբերություններին: