Ուկրաինան հիմա կարող է հաղթել միայն հարավում. ՌԴ ուժերը երկու մասի կբաժանվեն
copy image url

Ուկրաինան հիմա կարող է հաղթել միայն հարավում. ՌԴ ուժերը երկու մասի կբաժանվեն

Խոսք Արտաքին 1 տարի առաջ - 18:15 12-06-2023
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական կողմը Բախմուտը գրավելու ողջ ընթացքում ունեցել է շուրջ 60 հազար զոհ կամ վիրավոր։ Բրիտանական գերատեսչության փոխանցմամբ՝ ռուսական կողմը Բախմուտում յուրքանչյուր 48 սանտիմետր առաջխաղացման համար ունեցել է առնվազն մեկ զոհ կամ վիրավոր։

Oragir.News-ի հետ զրույցում ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը ընդգծեց, որ կողմերի ունեցած կորուստների մասին հրապարակվող տվյալները կարող են մոտ լինել իրականությանը, սակայն դրանք նաև իրենց մեջ քարոզչության տարրեր են պարունակում։

Նրա խոսքով՝ այստեղ կարևոր է նաև, թե ինչ տարբերակով են հաշվարկվում կողմերի կորուսները, քանի որ ռազմական ոլորտում կորուստ հասկացությունը շատ ավելի լայն է։ «Կարելի է հաշվել կորուստներ, որոնք անվերականգնելի են՝ զոհերը, կարելի է հաշվել կորուստները վիրավորների հետ միասին, որոնց մի մասը հետագայում կարող է կրկին մարտական գործողություններին մասնակցել»,- կարծում է նա։

Հարությունովն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ ռուսական կողմում կա լուրջ խնդիր կապված գերատեսչությունների հետ, որովհետև ռուսական զինված ուժերի կորուստները այլ թիվ են կազմում, սակայն նրանց զուգահեռ պատերազմին մասնակցում են տարբեր ռազմական կազմակերպությունների զորամիավորումները՝ այդ թվում նաև Վագների ներկայացուցիչները, որոնց մի մասը ինտեգրվում է ռուսական բանակին, սակայն ֆորմալ առումով առանձին են գործում։

Նա նաև նշում է, որ ուկրաինական կողմում էլ կան մի շարք զորամիավորումներ՝ հատկապես այլ էթնիկական խմբերից ձևավորված, որոնք փաստացի Կիևի ղեկավարության տակ են գործում, սակայն ուկրաինացիները տեսականորեն ասում են, որ դրանք իրենց չեն պատկանում։

Փորձագետն այս համատեքստում ընդգծեց, որ հրապարակվող թվերը կարող են չներառել այդ ստորաբաժանումների ունեցած կորուստները, հետևաբար կորուստների մասին որևէ ստույգ բան ասելն անհնար է։ Նա նաև նշեց՝ ակնհայտ է, որ երկու կողմն էլ լուրջ կորուստներ են ունենում, որովհետև մարտական գործողություններն ընթանում են գրեթե հավասար հնարավորություններ ունեցող բանակների միջև, կողմերից որևէ մեկն ակնհայտ հաջողություններ չի արձանագրում, ինչն էլ փաստում է հավասարակշռության մասին։ «Երբ նման հավասարակշռություն կա, դա միշտ նշանակում է, որ կողմերը շատ մեծ կորուսներ են ունեն և արյունալի մարտեր են ընթանում»,- նշեց նա։

Անդրադառնալով օրերս մեկնարկած ուկրաինական հակահարձակմանը՝ ռազմական մեկնաբանը նկատեց, որ ուկրաինական կողմն իր հիմնական ուժերին դեռևս չի ներգրավել, նաև շատ կարևոր է, թե ռուսական կողմի ռեզերվային հնարավորությունները որքանով կբավարարեն։ Նա նաև կարևորեց այն հանգամանքը, որ եթե ուկրաինական ուժերին հաջողվի որևէ ուղղությամբ ճեղքում իրականացնել, հետագայում ռուսները կունենա՞ն բավարար թվով ուժեր այդ ճեղքումը կանգնեցնելու համար, թե՞ ոչ, ինչն այս պահին դեռևս անհասկանալի է։

Հարությունովի համոզմամբ՝ ուկրաինական կողմը շատ բարդ խնդիր է ցանկանում լուծել, քանի որ փորձում է հարձակվել պատրաստված պաշտպանության վրա, իսկ հակառակ կողմն էլ սպասում էր դրան։ Ինչ վերաբերում է այսօր Դոնեցկի ուղղությամբ ուկրաինական ուժերի կողմից երկու գյուղի գրավմանը, ապա փորձագետն այն մարտավարական հաջողություն որակեց, որը ռազմավարական և օպերատիվ նշանակություն չունի։

Նա կարծում է, որ հաջողությունների մասին խոսելը դեռևս վաղ է, քանի որ մարտերն ընթանում են փոփոխակի հաջողություններով, երբեմն գրավված բնակավայրերը նորից հետ են վերցնում և այլն։

Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ Ռուսաստանի համար ուկրաինական հակահարձակումն անսպասելի չէր։ Նա կարծում է, որ ուկրաինական կողմը կարող է որևէ ռազմավարական արդյունքի հասնել միայն հարավային ուղղությամբ, որովհետև այնտեղ նրանք հնարավորություն ունեն դուրս գալ դեպի Մարիուպոլ և Ազովի ծովի շրջան, ինչը կբերի նրան, որ կհաջողվի ռուսական խմբավորումները երկու մասի բաժանել, ինչպես նաև այդ պարագայում կհաջողվի կրակային խոցում իրականացնել Ղրիմի ամբողջ տարածքի նկատմամբ։

«Այսինքն՝ դա միակ տարբերական է, որն ուկրաինական կողմի համար կարող է ռազմավարական փոփոխություն ապահովել մարտական գործողությունների ընթացքում։ Մյուս բոլոր ուղղությունները ռազմավարական արդյունքի առումով քիչ հետաքրքիր են, դրա համար էլ ի սկզբանե հասկանալի էր, որ գլխավոր հարվածն այդ ուղղությամբ է լինելու, իսկ ռուսներն էլ պատրաստվել էին դրան և բազմաշերտ պաշտպանություն էին իրականացրել»,- կարծում է նա։

Հարցին, թե կարո՞ղ ենք ակնկալել, որ ուկրաինական ուժերը զգալի առաջխաղացում կարձանագրեն, ինչպես դա եղավ նախորդ տարի սեպտեմբերին Խարկովի ուղղությամբ՝ Դավիթ Հարությունովը հայտնեց, որ որևէ բան չի կարելի բացառել, սակայն այստեղ կան լուրջ տարբերություններ։

Նա նշեց, որ նախորդ հակահարձակման ժամանակ ուկրաինական կողմն իրականացրել էր որոշակի զորահավաք, իսկ ռուսական կողմը զորահավաք չէր իրականացրել, բացի այդ՝ փետրվարի 24-ից սկսած ակտիվ հարձակողական գործողություններ էր իրականացնում։

«Արդյունքում այն պահին, երբ եղավ ուկրաինական կողմի աշնանային հակահարձակումը, ռուսական կողմը մարդուժի զգալի պակաս ուներ։ Բացի այդ պաշտպանական գծում կային հատվածներ, որոնք պաշտպանված չէին, այսինքն պաշտպանությունն այսպես կոչված՝ օջախային բնույթ էր կրում, ինչն ուկրաինական կողմից հնարավորություն տվեց նման արդյունք արձանագրել»,- նկատեց նա։

Հարությունովը նաև ուշադրություն հրավիրեց այն բանին, որ ուկրաինական ուժերը նախորդ հակահարձակման ժամանակ հարձակում իրականացրեցին Խերսոնի ուղղությամբ, իսկ հետո կտրուկ հարվածեցին Խարկովի մարզին, որը ռուսների համար անսպասելի էր։

Նա կարծում է, որ ներկայումս իրավիճակը տարբերվում է, քանի որ ռուսական կողմը զորահավաք է իրականացրել և առնվազն այդքան մարդուժի պակաս չունի, Բախմուտում ունեցած կորուստները հիմնականում Վագների կորուստներն էին, իսկ անսպասելիության գործոնը այս պարագայում չկա։ «Կամ ուկրաինացիները պետք է հետո որևէ այլ ուղղությամբ հարվածեն, որը ռուսական կողմը չի սպասում, կամ որևէ այլ զարգացում տեղի ունենա։ Սակայն նախորդ տարի առկա մարդուժի պակասորդի խնդիրը ռուսական կողմն առնվազն այդ ծավալներով չունի»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում