Երեկ դավաճան էինք, այսօր՝ թմրամոլ
copy image url

Երեկ դավաճան էինք, այսօր՝ թմրամոլ

Ներքին 1 տարի առաջ - 09:28 24-05-2023
Կար ժամանակ, երբ իշխանությունը օրուգիշեր մեզ համոզում էր, որ բոլորս դավաճան ենք։ Ամենօրյա ռեժիմով մեկը մյուսին հաջորդում էին հաղորդագրություններ, որ բացահայտվել է հերթական դեպքը, լրտեսել է թշնամու համար, տեղեկատվություն է փոխանցել, նահանջի հրաման է տվել և այլն։

Այս «քաղաքականությունը» իշխանությունը որդեգրել էր պատերազմից հետո՝ ցույց տալով, որ քանի որ մենք բոլորս դավաճան ենք, դրա համար էլ պարտություն կրեցինք, իշխանությունը «տուտ նե պրիչյոմ»։

Հիմա էլ իշխանությունը հետևողական քարոզչական քաղաքականություն է վարում արմատավորելու դիրքորոշում, թե մենք բոլորս թմրամոլ ենք։

Իտալական նավահանգստում 2,7 տոննա կոկաինը հայտնաբերելուց հետո իշխանությունների լեզուն բլբուլ է դարձել, օրումեջ հաղորդագրություն են տարածում թմրամիջոցի հերթական խմբաքանակի առգրավման մասին։

ԱԱԾ-ն արդեն մի քանի նման հաղորդագրություն է տարածել վերջին օրերին, իսկ երեկ նրան միացել էր նաև ՊԵԿ-ը։ Հարց է առաջանում՝ այդ ինչպես ստացվեց, որ մեկ էլ հանկարծ վերջին մեկ շաբաթվա ընթացքում սկսեցին թմրանյութերի մեծ խմբաքանակներ հայտնաբերել, մեկ էլ հանկարծ ազգը սկսեց թմրանյութ օգտագործել։

Գուցե հարցերի պատասխանները պետք է սկսել սկզբից, թե երբվանից, ինչպես սկսեցին թմրանյութերի շրջանառությունը սովորական դառնալ, ինչու հետևողական աշխատանք չէր իրականացվում ի սկզբանե․․․։

Տպավորություն է, որ այժմ էլ իշխանությունը «կպած» ուզում է մեզ համոզել, որ մենք թմրամոլ ենք, ապրելու, արարելու, հաղթելու, հայրենիք, պետություն ունենալու համար բացարձակ պիտանի չենք։

Նման թերարժեքության բարդույթ ձևավորելը ամենևին էլ պատահական չէ, մենք կսկսենք համակերպվել, թե ինչքան վատն ենք և այդ ֆոնին միակ հերոսածինը կլինեն Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, իսկ հերոսը՝ Աշոտ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված