Պաշտոնական Բաքուն խստորեն դատապարտել է նախօրեին Մեծ Բրիտանիայի Եվրոպական տարածաշրջանի պետնախարար Լեո Դոչերթիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հնչեցրած հայտարարությունները՝ դրանք որակելով որպես «կանխակալ»։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդել է, որ հայկական կողմի այն հայտարարություները, որոնց համաձայն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում սահմանային անցակետի ստեղծումը փակում է ճանապարհը, խնդիրներ է ստեղծում տարածաշրջանում, խոչընդոտում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը և հանդիսանում է էթնիկ զտումների քաղաքականության անբաժանելի մաս, «իրավիճակը խեղաթյուրելու փորձ են»։ Ադրբեջանական կողմը նշել է, թե, իբր անցակետից օգտվում են ինչպես Արցախի բնակիչները, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ռուս խաղաղապահները։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտել է, որ Մեծ Բրիտանիան, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, լավ գիտի, որ Հայաստանը 30 տարի շարունակ «օկուպացրել էր ադրբեջանական տարածքները, իրականացրել է ջարդեր ու էթնիկ զտումներ և, ի հեճուկս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի, հրաժարվել է հետ կանչել իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից»։ Հայտարարության մեջ նշվել է, որ «Հայաստանը պետք է դադարեցնի միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը»։
«Միևնույն ժամանակ Հայաստանը շարունակում է խրախուսել միջազգային առաքելության ուղարկումը Ադրբեջանի տարածք, ամեն կերպ խոչընդոտում է Ադրբեջանի կառավարության երկխոսությանը՝ Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ, ինչը դիտվում է միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին։ Եթե Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության և կայունության օգտին, ապա պետք է վերջ դնի նման միջամտությանը»,- ասվում է հայտարարության մեջ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ պնդել է նաև, որ պատերազմից հետո ադրբեջանական կողմն առանց նախապայմանների վերադարձրել է պատերազմի ժամանակ գերեվարված բոլոր անձանց։ Բաքուն պնդում է, թե, իբր պատերազմից հետո «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքում ռազմական սադրանքներ իրականացնելու նպատակով ուղարկված հայ զինծառայողների խումբը ռազմագերիներ չեն, և դա գիտի Հայաստանի ղեկավարությունը»։
«Չնայած Ադրբեջանը Հայաստան է վերադարձրել այս խմբի մարդկանց գրեթե կեսին, այնուամենայնիվ հայկական կողմը հրաժարվում է վերադարձնել մոլորված երկու ադրբեջանցի զինծառայողների, որոնց դեմ դատական գործ է սարքել՝ դրանով իսկ խաթարելով վստահության ամրապնդման ջանքերը։ Մենք կոչ ենք անում Հայաստանին զերծ մնալ վտանգավոր հռետորաբանությունից, որը վնասում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմանը և կատարել իր պարտավորությունները՝ Ադրբեջանին անհիմն մեղադրելու և միջազգային հանրությանը մոլորեցնելու փոխարեն», - եզրափակել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։