Նոյեմբերի 9-ի նախնական տարբերակը ես տեսել եմ Գլխավոր շտաբի պետի մոտ, դրանում նշված են եղել նաև անկլավները։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն՝ անդրադառնալով մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանի հայտարարությանը, թե 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հայկական կողմն անկլավների և Հայաստանի տարածքով միջանցքի անցնելուն վերաբերող հարցերը հանել է և հետո միայն ստորագրել փաստաթուղթը, մինչդեռ եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ԳՇ–ում, եղել են մարդիկ, որոնք հորդորել են անկլավներով ստորագրել եռակողմ փաստաթղթի տեքստը։
«Եվ զարմացել եմ, և զայրացել եմ այդ ժամանակ, ասել եմ՝ ի՞նչ կապ ունեն անկլավները զինադադարի հետ, էլ չեմ ասում մյուս տարածքները։ Ասել եմ՝ դա արդեն զինադադարի հայտարարություն չի դառնում։ Բորբոքված դուրս եմ եկել ու խոսել եմ պաշտպանության նախարարի հետ, ինքը միանգամից կապնվել է վարչապետի հետ ու իմ լսելով, նա վարչապետին նույնն էր ասում, ասում էր՝ ի՞նչ կապ ունեն անկլավները զինադադարի հետ, դրանից հետո արդեն անկլավները հանվել են։
Դրանից հետո որոշակի տարածքների հետ կապված, որ հիմա արդեն մերը չեն՝ առաջարկ եղել է, ասել ենք, որ, օրինակ՝ մենք Կուբաթլուի տարածքից բավական հնարավորություններ ունենք։ ԼՂԻՄ սահմանային հատվածներում կային «լեզվակներ», որոնք Ադրբեջանի տարածքի մեջ էին մտնում, ասում էինք՝ գոնե դրանց փոխանակում անենք, այդ տարածքների փոխարեն այդ «լեզվակները» կտրենք, ավելի նպաստավոր դարձնենք, բայց դա չանցավ»։
Անդրադառնալով Փաշինյանի պնդմանը, թե ԳՇ-ից իրեն համոզում էին փաստաթուղթը անկլավներով ստորագրել՝ նա պատասխանեց, թե չգիտի՝ ով կարող էր գենշտաբից նման բան ասել։
«Ես ինչին մասնակից եմ եղել, ինչից տեղյակ եմ՝ այն էլ ասացի։ Եթե որևէ մեկը իմ ասածին հակառակ բան կասի՝ ես պատրաստ եմ պատասխանել»։
Խաչատրյանն ընդգծեց նաև, որ անկլավների հանձնումը հանգեցնելու է մեր պաշտպանական դիրքերի թուլացման։ «Դրանց թիկունքային մասում կամ այն տեղերում, որտեղով պետք է անցնեն անկլավները հանձնելուց հետո՝ այդտեղ նոր բնագծերի կահավորված չլինելը արդեն խոսում է այն մասին, որ դա մեր համար նոր խնդիրներ ու նոր պրոբլեմներ են առաջացնելու, սկսած զինված ուժերի կիրառման պլաններից, վերջացրած ջոկի դիրքերի հրամանատարի համապատասխան որոշումներից պետք է փոփոխության ենթարկվեն և համապատասխանեցվեն նոր ուրվագծված տարածքներին»։