Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները նախօրեին հանդիպել են զոհված զինծառայողների ծնողների հետ։
Մասնավորապես, այց են իրականացրել ոստիկանության Շենգավիթի բաժին, առանձնազրույց ունեցել նրանց հետ։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՄԻՊ մամլո խոսնակ Արթուր Ասլանյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ նշված հարցի վերաբերյալ պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել են ահազանգեր, այդ թվում՝ ՀՀ ԱԺ պատգամավորների և փաստաբանների կողմից։
«Մայիսի 18-ի վաղ առավոտյան պաշտպանի ներկայացուցիչները 2-րդ այցն են իրականացրել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր և առանձնազրույց ունեցել Հակոբյանի հետ։
Տեղում ծանոթացել են նրա առողջական վիճակին և դրա հետ կապված բժշկական փաստաթղթերին։ Արձանագրվել է, որ նրա մոտ առկա են որոշակի առողջական խնդիրներ և նա հրաժարվել է սննդի ընդունումից։ Հակոբյանի պահման վայրի վարչակազմի վերաբերմունքի և պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չեն ներկայացվել։ Պաշտպանի ներկայացուցիչների կողմից իրականացված այցերի շրջանակում պետական մարմինների ու պաշտոնատար անձանց վերաբերյալ ներկայացված բողոքներն արդեն իսկ ամփոփվել են և անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով համապատասխան գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին»։