Թուրքիայի ընտրատեղամասերում երեք մարդ է մահացել, որոնցից մեկը՝ Էրդողանի կուսակիցը
copy image url

Թուրքիայի ընտրատեղամասերում երեք մարդ է մահացել, որոնցից մեկը՝ Էրդողանի կուսակիցը

Արտաքին 1 տարի առաջ - 17:00 14-05-2023
Թուրքիայում այսօր տեղի ունեցած համապետական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում երեք մարդ է մահացել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Հաղորդվում է, որ սևծովյան տարածաշրջանի Ռիզե նահանգի ընտրատեղամասերից մեկում վատացել է Էրդողանի կուսակից և վստահված անձ 64-ամյա Շերեֆ Քուրթի ինքնազգացողությունը և վերջինս ընկել է քվեատուփի վրա։ Մինչ բժիշկների ժամանումը նրան առաջինը փորձել են օգնել քաղաքացիները։ Հիվանդանոցում բժիշկներն արձանագրել են նրա մահը։

Տրապիզոնի նահանգի Աքչաբաթ շրջանի ընտրատեղամասերից մեկի քվեախցում 75-ամյա Այսել Ուլուսոյը կորցրել է իր գիտակցությունը։ Բժիշկները նրա մահն արձանագրել են սրտի կաթվածից։

Տրապիզոնի մերձակա Գիրեսուն նահանգում 85-ամյա ընտրողը քվեատուփի մոտ հանկարծակի ուշագնաց է եղել։ Չնայած բժիշկների օգնությանը՝ նրան փրկել չի հաջողվել։ Նա նույնպես մահացել է սրտի կաթվածից։

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում ընթանում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Նախագահական ընտրություններում հիմնական ընտրապայքարը տեղի է ունենում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Տարբեր հարցումների համաձայն՝ ընդդիմության թեկնածուն առաջատար է փոքր տարբերությամբ, սակայն հավանական է, որ հաղթողին որոշելու համար անհրաժեշտ կլինի երկրորդ փուլ։

Ամենից շատ դիտված