Թուրքիայի ընտրությունների արտասահմանյան քվեարկության մասնակիցների թիվը գերազանցել է 500 հազարը
copy image url

Թուրքիայի ընտրությունների արտասահմանյան քվեարկության մասնակիցների թիվը գերազանցել է 500 հազարը

Արտաքին 1 տարի առաջ - 17:30 01-05-2023
Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների շրջանակներում մեկնարկել է երկրի սահմաններից դուրս բնակվող և ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների քվեարկության գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Հաղորդվում է, որ մինչև այժմ քվեարկությունը մեկնարկել է 16 երկրներում, այսօրվանից սկսած ընտրական տեղամասեր կստեղծվեն ևս 5 երկրներում։ Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության գերագույն ընտրական խորհրդի ներկայացուցիչ Ռեջեփ Օզելը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ չորս օրվա ընթացքում քվեարկությանը մասնակցածների թիվը գերազանցել է 500 հազարը։

Գերմանիայում, որտեղ քվեարկելու իրավունք ունի շուրջ 1.5 միլիոն թուրք քաղաքացի, քվեարկությունը կշարունակվի մինչև մայիսի 9-ը։ Մինչև այժմ երկրում քվեարկությանը մասնակցել է շուրջ 200 հազար մարդ։ Ընտրություններին ամենաակտիվ մասնակցությունն արձանագրվել է գերմանական Էսսեն քաղաքում, որտեղ 4 օրում քվեարկել է 26261 մարդ։

Հատկանշական է, որ 2018 թվականին կայացած համապետական ընտրությունների հետ համեմատ Գերմանիայում մասնակցության ցուցանիշն աճել է 28.34%-ով։ Գերմանիայում 2018 թվականի ընտրությունների առաջին չորս օրերի ավարտին ընտրատեղամաս է գնացել 165154 մարդ, այս ընտրությունների առաջին չորս օրերի ընթացքում քվեարկել է շուրջ 211958 մարդ։

Թուրքական պետական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Բեռլինի, Քյոլնի, Համբուրգի և Բրեմենի ընտրական կենտրոնների առջև երկար հերթեր են գոյացել։

Բացի այդ մասնակցության աճ է արձանագրվել նաև Ավստրիայում և Ֆրանսիայում՝ համապատասխանաբար 57.84 և 47.48%։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։ Նախագահական ընտրություններում հիմնական պայքարն ընթանում է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու, քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Մի շարք փորձագետների համոզմամբ՝ այս ընտրությունները Էրդողանի քսանամյա իշխանության ընթացքում ամենաբարդ ընտրական գործընթացն են, և բավականին մեծ է հավանականությունը, որ Էրդողանը կարող է կորցնել իշխանությունը։



Ամենից շատ դիտված