Ինչու է վարչապետը կանանց բանակ կանչում․ վերլուծաբան
copy image url

Ինչու է վարչապետը կանանց բանակ կանչում․ վերլուծաբան

Ներքին 1 տարի առաջ - 19:29 26-04-2023
Կամավոր հիմունքներով կանայք կարող են զինակոչվել, բայց 6 ամիս պետք է պարտադիր ծառայեն։ Այս մասին օրեր առաջ ՀՀ կառավարության նիստում քննարկում եղավ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ սա բանակի և երկրի պատմության մեջ նոր էջ բացելու փուլ է։ Նկատեց, որ կանաց ծառայությունը պրոֆեսիոնալ բանակ ունենալու հայեցակարգի շրջանակում է։

«Կանայք կամավոր կարող են զորակոչվել և վեցամսյա պարտադիր ծառայություն անցնել, հետո կարող են համալրել բանակը և անցնել զինծառայության՝ իրենց ցանկությամբ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը ընդգծեց, որ 6 ամիս զինծառայություն իրականացրած կինը մեկ միլիոն դրամ պատվովճար կստանա։

Քաղաքական վերլուծաբան, ազատամարտիկ Դմիտրի Մարտիրոսյանը Oragir.New-ի հետ զրույցում նկատեց, որ վարչպետը փորձում է մեր բանակը մոտեցնել իսրայելական բանակի չափանիշներին․ «Վարչապետը միանգամից կես տարվա գումարն է ասում, որ շատ երևա։ Հարկայինը հանած ներկայացվում է գումարի չափ»,-ասում է։

Դմիտրի Մարտիրոսյանը ասում է, որ եթե վերադառնանք ազգ-բանակ սկզբունքին, ոչ մարտական դիրքերում անհրաժեշտ է կանանց ծառայությունը։ Ասում է՝ հատուկ կանացի ստորաբաժանումներ պետք չէ պատրաստել։

«Կամաց-կամաց մոտենում ենք Իսրայելի բանակի մոդելին։ Այնտեղ կա կանացի ստորաբաժանում։ Հնարավոր է՝ այս որոշումը քաղաքական շահ է հետապնդում՝ պետությունից կախում ունեցող նոր շերտի ձևավորմամբ»,-նկատում է վերլուծաբանը։

Նշում է՝ պետությունից բողոքող քիչ կլինի, որովհետև ևս մի մաս բնակչության պետությունից կախում կունենա։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ զորակոչված իգական սեռի ներկայացուցիչներն, առանց վիճակահանության, նշանակվում են ուսումնական զորամասեր և նրանց ծառայությունն իրականացվում է բացառապես այդ զորամասերում։ Ծառայության 6-ամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալն առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում, ստանալու են պատվովճար, որը նախատեսվում է սահմանել 6 ամիսը լրիվ ծառայելու պարագայում 1 մլն դրամ, իսկ վաղաժամկետ զորացրվելու դեպքում նշված գումարը 6 ամսվա բաժանելու և փաստացի ծառայած ամիսների թվով բազմապատկելու արդյունքում ստացված չափով։

Իգական սեռի զինծառայողներն իրավունք կունենան 6-ամսյա ծառայության հիմքով զորացրվելու փոխարեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով դիմել և անցնել 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառյության։

Ամենից շատ դիտված