Ես Փաշինյանին խորհուրդ էի տալու՝ Ադրբեջանին վերադարձնել 5 շրջանները. Օսկանյան

Տեսանյութ Ներքին 2 տարի առաջ - 18:12 19-04-2023
Այս տեսագրությամբ անդրադարձել եմ Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների և Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ պնդումներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված ուղիղ եթերին կից գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Եթե 2018 թվականից հետո Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունենար ինձ հետ հանդիպելու, ես իրեն հետևյալ խորհուրդն էի տալու՝ պարոն վարչապետ, դուք ունեք շատ մեծ լեգիտիմությունը, սեղանի վրա կա նման փաստաթուղթ, մի արհամարհեք, ձեր զրոյական կետից մի սկսեք, դա իր մեջ վտանգներ է պարունակում:

Ես գիտեմ՝ Ադրբեջանի կարմիր գիծը որն է, ես գիտեմ՝ Ադրբեջանի համար որն է ընդունելի, եւ ես իրեն խորհուրդ էի տալու, որ ինքը գնա երրորդ տարբերակով, որ համաձայներ Ադրբեջանին վերադարձնել 5 տարածքները փաստաթղթի ստորագրման դեպքում, եւ բանակցեր Ադրբեջանի հետ, որ Քելբաջարի եւ Լաչինի ոչ կորիդորային մասը վերադարձվի 3-5 տարվա ընթացքում: Բայց մինչ այդ Ադրբեջանը պետք է ապացուցեր, որ ինքը ի վիճակի է խաղաղ գոյատեւելու իր հարեւանի հետ: Բոլոր երաշխիքները, որ այդ փաստաթղթում կային՝ Անվտանգության խորհուրդ, խաղաղապահի ուժերի ներկայություն, միջանկյալ կարգավիճակ, ուժի մեջ պետք է մտնեին:

Եթե Նիկոլ Փաշինյանը այդ օրերին գնար այդ ճանապարհով, ես ձեզ վստահեցնում եմ, որ այսօր մենք կունենայինք ամբողջական ԼՂԻՄ՝ Շուշիով, Հադրութով, 20 կմ-անոց միջանցքով՝ առանց զոհերի, դե ֆակտո անկախ հայկական Արցախ: Ես սրանում համոզված եմ:

Ես պատրաստ էի իրեն օգնելու, ասելու՝ պարոն վարչապետ, ես պատրաստ եմ որպես գլխավոր բանակցող այդ փաստաթղթի, ձեր կողքը կանգնելու, ձեզ հետ պատասխանատվություն վերցնելու: Ես համոզված եմ, որ երեք նախագահների համար էլ դա ընդունելի կլիներ: Նիկոլ Փաշինյանը կարող էր գնալ այդ ճանապարհով ասելով՝ այո, տալիս ենք այդ տարածքները, բայց բերում ենք իսկական խաղաղություն»,-ասաց Օսկանյանը:

Նա նաև նշեց, որ պատերազմի օրերին 1,5 էջանոց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին միջնորդով եւ գիտի, որ դա դրվել է իր սեղանին. «Ես այնտեղ առաջարկություններ եմ արել: Պատերազմից հետո ես հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանի հետ, նոր ստեղծված իրավիճակում գրավոր առաջարկներ եմ արել: Ինքը նայել է, ասել է՝ շնորհակալություն, խոսել ենք դրա մասին մի քիչ»,- ասաց Օսկանյանը, սակայն չցանկացավ մանրամասնել, թե ինչ առաջարկներ է արե արդեն պատերազմից հետո:

Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Վարդան Օսկանյանը «մադրիդյան փաստաթղթով» ավելի շիլաշփոթ է ստեղծել, նաև կոչ էր արել Օսկանյանին հրապարակային ասել, թե ինչ խորհուրդ էր պատրաստվում տալ իրեն, եթե պատերազմից առաջ հնարավորություն ունենար հանդիպելու:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված