Համացանցում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Հայաստանը ցանկանում է հավաքականներ հրավիրել սպորտային մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Արթուր Դալալոյանին և գեղասահքի Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դանիելյանին, ովքեր ներկայացնում են Ռուսաստանը։
Տեղեկությանն անդրադարձել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը՝ կտրականապես հերքելով դրանց ճշգրտությունը։
«Ի պատասպան մամուլում շրջանառվող լուրերի, ըստ որոնց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն առաջարկ է արել մարմնամարզիկ Արթուր Դալալոյանին և գեղասահորդ Արթուր Դանիելյանին հանդես գալ Հայաստանի հավաքականում, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարել է, որ այդ լուրերը կատարյալ դատարկաբանություն են: «Այդ լուրերը անհեթեթություն են ու կատարյալ դատարկաբանություն: Սրան, նույնիսկ, անդրադառնալ պետք չէր, սակայն թյուրըմբռնումից խուսափելու համարհարկ եմ համարում բացատրել:
Առաջին հերթին՝ ՀԱՕԿ-ը իրավական տեսանկյունից իրավունք չունի մարզիկներ հրավիրել Հայաստան: Երկրորդ՝ մեր մարմնամարզիկները տարիներ շարունակ փայլել են մոլորակի ամենատարբեր հարթակներում: Նրանք աշխարհում լավագույններից են: Օրեր առաջ էլ Արթուր Դավթյանի պատվին Թուրքիայում հնչեց մեր օրհներգը, նույնն էլ՝ երիտասարդների Աշխարհի առաջնությունում եղավ: Հանուն ինչի՞ ՀԱՕԿ-ը պետք է հետաքրքրված լինի այլ երկիր ներկայացնող մարզիկներով: Խորհուրդ եմ տալիս շարունակել հպարտանալ մեր երկրի պատիվը բարձր պահող մարզիկներով և չտարածել ապատեղեկատվություն»,- նշել է Ռոստոմյանը: