Գյումրիի ավագանու նիստում որոշվեց ֆինանսական միջոցեր հատկացնել մի շարք կազմակերպությունների
copy image url

Գյումրիի ավագանու նիստում որոշվեց ֆինանսական միջոցեր հատկացնել մի շարք կազմակերպությունների

Ներքին 2 տարի առաջ - 18:38 12-04-2023
Այսօր տեղի է ունեցել Գյումրիի ավագանու հերթական նիստը։ Ներկայացվել է քաղաքի բյուջեում նախատեսվող փոփոխությունը, որը պայմանավորված է 2022-ի սուբվենցիոն ծրագրով փողոցաշինական աշխատանքների ֆինանսական պարտավորություններով։

Կառավարությունը համայնքին է փոխանցել 22 փողոցների հիմնանորոգման համար պետության մասնաբաժինը, որը կազմում է մոտ 905 միլիոն դրամ, ինչին համարժեք էլ ավելացվել են տարեկան բյուջեի ծախսային և եկամտային մասերը։

Այսօրվա նիստում առաջին հարցով ֆինանսական հատկացում տրամադրվեց համայնքապատկան թիվ 7 երաժշտական դպրոցին։ Դաշնամուր ձեռք բերելու համար քաղաքային բյուջեից հատկացվեց 2 միլիոն դրամ։

Գրական և ստեղծագործական միջոցառումներ անցկացնելու համար էլ համայնքը 400 հազար դրամ տրամադրեց Գրողների միության՝ Շիրակի մարզային բաժանմունքին։

Ավագանու որոշմամբ՝ «Խաչմերուկ» կրթական-խորհրդատվական հիմնադրամին հատկացվեց 2 միլիոն դրամ, իսկ Գյումրիում ապրիլի 24-ից մայիսի 10-ը անցկացվելիք թատերական փառատոնի անցկացման համար մեկ ու կես միլիոն դրամ տրամադրվեց «Բարեկամ» ՀԿ-ին։ Փառատոնից ստացված տոմսերի վաճառքից գոյացած հասույթի որոշ մասը ուղղվելու է բարեգործական նպատակի, այսինքն՝ վճարվելու են Թատերական ինստիտուտի սոցիալապես անապահով ուսանողների վարձավճարները։ Ավագանու անդամները հետաքրքրվեցին՝ ինչ սկզբունքով են ընտրվելու ուսանողները, բայց «Բարեկամ» ՀԿ-ից որևէ ներկայացուցիչ նիստին ներկա չէր։

Ավագանու նիստի վերջին ֆինանսական հատկացումն էլ վերաբերում էր սոցիալապես անապահով 107 ընտանիքներին։ Այս նպատակով հատկացվեց մեկ միլիոն 200 հազար դրամ։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի