Հայկական հարցն օգտագործվում է Թուրքիայի դեմ որպես «քաղաքական զենք». թուրք պաշտոնյան հերթական անգամ Հայոց ցեղասպանության վերաբերյալ անհիմն պնդումներ է արել
copy image url

Հայկական հարցն օգտագործվում է Թուրքիայի դեմ որպես «քաղաքական զենք». թուրք պաշտոնյան հերթական անգամ Հայոց ցեղասպանության վերաբերյալ անհիմն պնդումներ է արել

Արտաքին 2 տարի առաջ - 13:50 06-04-2023
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հույս է հայտնել, որ հայ և թուրք ժողովուրդները կկարողանան հարաբերություններ հաստատել։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Հուլուսի Աքարն այս մասին ասել է Անկարայի Բիլիմի համալսարանի կողմից կազմակերպված այսպես կոչված «1915 թվականի հայկական իրադարձությունների վերաբերյալ քաղաքականության տեքստի ստեղծման աշխատաժողովին», որը նպատակ ունի խեղաթյուրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրողությունները։

Թուրք պաշտոնյան նշել է, որ Թուրքիան շարունակում է հավատալ առ այն, որ երկու ժողովուրդները, որոնք դարեր շարունակ ապրել են հանդուրժողության և խաղաղության մթնոլորտում, կկարողանան հարաբերություններ հաստատել բարեկամության եւ համագործակցության շրջանակում։

Աքարը անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության թեմային և կրկնել այս հարցով թուրքական հայտնի քարոզչական թեզերը։ Նա հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարբեր հարթակներից հայտարարել է, որ «Անկարան բաց է օբյեկտիվ հանձնաժողովների աշխատանքի համար, որոնք պետք է ձևավորեն պատմաբանները»։

«Մենք մեկ անգամ ևս կրկնում ենք մեր կոչն այս հարցի վերաբերյալ։ Հայաստանը, ինչպես և Թուրքիան, պետք է բացի իր արխիվները միջազգային մասշտաբի պատմաբանների համար, համակերպվի արդյունքների հետ և չանհանգստանա այս առիթով։ Սակայն այս առաջարկի պատասխանն առայժմ չի եղել»,- հայտարարել է նա։

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը պնդել է, թե, իբր Հայկական հարցը «որևէ առնչություն չունի պատմական իրողությունների հետ, և այն օգտագործվում է Թուրքիայի դեմ՝ որպես քաղաքական զենք»։ Նա նշել է, որ «1915 թվականի իրադարձությունների նկատմամբ կանխակալ մոտեցումը այս հարցի լուծումը տանում է փակուղի»։

Հուլուսի Աքարը միևնույն ժամանակ ընդգծել է օսմանյան պետության գոյության վերջին տարիների իրադարձությունների համակողմանի ուսումնասիրության կարևորությունը։ Նրա խոսքով, հարցի անաչառ պարզաբանման առումով կարևոր դեր են խաղում նաև երրորդ երկրների արխիվները, այդ ժամանակաշրջանի հետ կապված դիտարկումները։

Նա նաև հայտարարել է, որ «Հայկական հարցը ծագել է հիմնականում այնպիսի տերությունների շահերից ելնելով իրականացվող սադրանքների ֆոնին, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը»։ Աքարը հավելել է, որ Օսմանյան կայսրությունում հավատարիմ ազգի բնորոշումը դարեր շարունակ տրվել է հայերին։