«Ըստ նախնական հայտարարությունների՝ դելիմիտացիային պետք է մասնակցեին Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը։ Մյուս կողմերից մենք այդպիսի հայտարարություն չենք տեսել։ Ուրիշ բան, որ 2022 թվականի օգստոսին եղել են ինչ-որ պայմաավորվածություններ ու դրա մասին հայտարարում է ՀՀ ԱԱԾ-ն»։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
«Այս առումով էլ ի՞նչ կապ ունի Ազգային անվտանգության ծառայությունը, որն անում է նման հայտարարություն, որի արդյունքում, այո՛, մենք տեղեկանում ենք, որ հայաստանյան իշխանություններն ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերել, բայց ո՞ւմ հետ։ Այս խնդիրն է, որին մենք պետք է կարողանանք պատասխան տալ։ Երբ ասում են, որ պատերազմը պայմանավորված է եղել Փաշինյանի ու Ալիևի միջև, որ պարտությունը եղել է պայմանավորված, որ Շուշին հանձնելը եղել է պայմանավորված: Հիմա էլ ԱԱԾ-ն հայտարարում է, որ 2022 թվականի օգոստոսին ինչ-որ բան են պայմանավորվել։ Արդյունքում տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել։ Հիմա մենք ի՞նչը պետք է հիմք ընդունենք»,- ասաց նա։
Oragir.News-ի զրուցակիցը համոզմունք հայտնեց, որ հանրությանը պետք է բաց տեքստով ասվի, թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսում ԱԱԾ-ն, ու հասկանալ, թե արդյո՞ք ՌԴ-ն մասնակցություն է ունեցել է այդ պայմանավորվածություններում։
«Չեմ կարծում, թե եղել է դելիմիտացիա, որի մասին հանրությունը չի տեղեկացվել։ Ո՛չ, եղել է ուրիշ պայմանավորվածություն, որի մասին հայտարարում է ԱԱԾ-ն։ Մենք այստեղ պետք է հասկանանք, թե այդ պայմանավորվածություններն ում միջև են եղել։ Եվ այդ հայտարարությունը պետք է աներ ոչ թե ԱԱԾ-ն, այլ ԱԳՆ-ն կամ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունները խախտելուն, պետք է ԱԱԾ-ն հայտներ, թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը»,- ասաց նա։
Թե ինչու այդ նույն Ազգային անվտանգության ծառայությունը չի պատասխանում մեզ այդքան հուզող մյուս հարցերին, Իսագուլյանը պատասխանեց, որ այդ իրավիճակն առկա է ոչ միայն այս հարցում։
«Իսկ ինչո՞վ էր պայմանավորված, որ Արցախի շուրջ բանակցություններ էին ընթանում, բայց հայ ժողովրդին երկու տարի խաբում էին, թե բանակցություններ չեն ընթանում։ Ինչո՞ւ, երբ ՌԴ արտգործնախարար Լավրովը 2019 թվականին այդ մասին բացահայտ հայտարարեց, հերքում էին, որ այդպիսի պայմանավորվածություններ չկան և այլն, և այլն։ Հիմա ինչո՞ւ են թաքցնում։ Թաքցնում է այն մարդը, որը հայտարարում էր, թե ժողովրդից գաղտնի որևէ բան երբեք չեմ անի, 3 միլիոն վարչապետ եք, դուք պիտի իմանաք, մինչև ձեզ հետ քննարկում չլինի, ու դուք որոշում չկայացնեք, ես որևէ բան չեմ անի։ Բայց այսօր պարզվեց, որ ինքն իր կետն ունի, որից սկսում է, որ ինքը բանակցություն է վարում ու որևէ մեկին տեղյակ չի պահում, խաբում է ժողովրդին»,- ասաց նա։
Այս տեսանկյունից, Իսագուլյանը ճիշտ չի համարում դատողությունները, թե անցած տարվա օգոստոսին Երևանի տարբեր կառույցներում ռումբերի մասին ահազանգերն ու Սուրմալուի պայթյունը ևս կարող է տեղավորվել այս համատեքստում։
«Մենք այստեղ պետք է հասկանանք մի բան։ Այն երևույթները, դեպքերը, գործողությունները, որոնք տեղի են ունենում այս իշխանությունների օրոք, այս իշխանությունների գոյության պարագայում բացահայտել անհնար է։ Մինչև չլինի իշխանափոխություն, դրա մասին անիմաստ է նույնիսկ խոսել։ Դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին երեք կողմ պետք է լիներ մասնակից։ Կողմերից որևէ մեկն այդ մասին չի ասում։ ԱԱԾ-ն էլ իր հայտարարության մեջ չի խոսում դելիմիտացիայի մասին։ Խոսում է ինչ-որ պայմանավորվածությունների մասին, որոնցից որևէ մեկը տեղյակ չէ։ Չի բացառվում, որ սեպարատ պայմանավորվածություններ են տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև։ Այդ բանակցությունների մասին որևէ ուրիշ կառույց Հայաստանում, վստահաբար, տեղյակ չէ։ Մենք դրա վկայություն ունենք նույնիսկ։ Երբ Վանեցյանն է եղել ԱԱԾ տնօրենը և ասել էր, որ Նիկոլի կողմից ինչ-որ բան է փոխանցել, Ալիևի կողմից բերել ու Նիկոլին է փոխանցել։ Գուցե այդպիսի սեպարատ բաներ, երևույթներ են տեղի ունենում, որովհետև անիմաստ է գնալ Սոչի, գնալ Մոսկվա, ինչ-որ բան պայմանավորվել ու հանկարծ մեկ օր հետո Պրահայի հայտարարությունն անել։ Դա նշանակում է, որ պրոցեսներն ընթանում են ո՛չ այն կերպ, ինչպես Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հայ ժողովրդին կամ մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ին»,- ասաց նա։
Իսագուլյանի գնահատմամբ, ամենայն հավանականությամբ, գաղտնի ծրագրեր են իրականացվում Հայաստանի ու Արցախի նկատմամբ, որից հայ ժողովուրդն ու ՌԴ-ն տեղյակ չեն։
«Հայաստանը բազմաթիվ խոստումներ է տվել և կատարում է պատվեր․ դա կարող է լինել թուրք-ադրբեջանական պատվեր, Արևմուտքի պատվեր, որից տեղյակ չի պահում հայ ժողովրդին, հայ ժողովուրդը տեղյակ չէ դրանից։ Տեղյակ չեն նաև մեր ռազմավարական գործընկերները, հաստատ տեղյակ չէ Իրանի Իսլամանակ Հանրապետությունը։ Այսինքն, սեպարատ գործընթաց է տեղի ունենում։ Սա, բնականաբար, մտնում է նաև հին պայմանավորվածությունների մեջ, երբ Նիկոլին բերում էին իշխանության։ Քանի որ Նիկոլին բերել են իշխանության, և ոչ թե հայ ժողովուրդն է բերել, ու Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտությունը կարելի է հիշել, թե ինձ հաղթեց ոչ թե Նիկոլ Փաշինյանն, այլ շատ ավելի հզոր դրսի ուժեր․ հիմա Նիկոլը կատարում է այն պարտավորությունները, որոնք ստանձնել է այն ժամանակ՝ իրեն իշխանության բերելու համար»,- ասաց նա։
Այս համատեքստում, մեր զրուցակիցն ուշադրություն հրավիրեց Հայաստանում տիրող իրավիճակի ու այդ պայմաններում Հայաստանի ներկա իշխանությունների կողմից իրականացվող գործողությունների վրա։
«4 ամիս է՝ Արցախի ճանապարհը փակ է։ Հայաստանն այս 4 ամսում իրավունք չուներ ընդհանրապես բանակցելու որևէ հարցի շուրջ, քանի դեռ այդ խնդիրը չէր լուծվել։ Բայց այդ ընթացքում Հայաստանն էլի պայմանավորվածություններ է ձեռք բերում, էլի տարածքներ է զիջում, խաղաղության պայմանագիր է առաջ տանում և այլն։ Դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները, Լաչինի միջանցքի փակման գործընթացի հետ կապված, տեղեկացված են եղել։ Եթե նույնիսկ իրենք չեն փակել։ Իրենք առնվազն տեղյակ են եղել ու պայմանավորվել են Ալիևի հետ, որ այդ ճանապարհն իրենք փակեն։ Սա է ամբողջ խնդիրը։ Գերիների մասին էլ չեմ ասում, որը 6-րդ կետն է։ Ինքը բոլոր կետերը կատարում է՝ բացի 6-րդ կետից։ Հիմա գնում է ինչ-որ պայմանավորվածությունների, երբ Լաչինի միջանցքը փակ է։ Դա նշանակում է, որ ինքը տեղյակ է ու շատ լավ գիտի, իրեն ձեռնտու է։ Խաղաղապահներ է բերելու կանգնեցրել հայ-ադրբեջանական սահմանին, դիտորդներ է բերել։ Այս իշխանությունների ներկայացուցիչներից մեկը հայտարարեց, որ այդ դիտորդների զեկույցները ևս գաղտնի են, ու իրենք չեն կարող իմանալ դրանց բովանդակությունը։ Այսինքն, ինչ-որ ատյանների են ուղարկում, որից ՀՀ-ն տեղյակ չէ։ Պարզ է, չէ՞, որ ընթանում է անհասկանալի ու նախնական պայմանավորվածությամբ խաղ, որից տեղյակ չէ հայ ժողովուրդը և չի տեղեկանա, քանի դեռ իշխանության ղեկին իրենք են»,- ասաց նա։
Իսագուլյանը տեսակետ հայտնեց, որ Նիկոլը այդ պարտավորություններն ստանձնել է, որպեսզի իր կլանը քանի տարի իշխի Հայաստանի վրա։
«Չնայած, կարծում եմ, որ իր կլանից շատ- շատերը բանին անտեղյակ ու ցավին անտարբեր են։ Նա ուղղակի շատ լավ ընտրում է տգետ կադրեր, որոնց առաջ մի խնդիր է դրված։ Ամեն մեկն իր տեղում զբաղված է իր անձնական խնդիրներով։ Իսկ Նիկոլը կատարում է այն հանձնարարականները, որոնք ժամանակին ստանձնել է»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ՀՀ տարածքում տեղակայված արևմտյան դիտորդական առաքելությանը, ապա Իսագուլյանի գնահատմամբ, նրանք այստեղ են դիտարկելու Հայաստանում ռուսական զորքերի տեղաշարժը, մաքսիմալ տեղեկություն հավաքելու խաղաղապահների ու հայկական դիրքերի վերաբերյալ։
«Փաշինյանի հետ հանդիպմանն իրենք պարզ ասում էին, չէ՞, որ մենք գիտենք, որ Սյունիքը ձեզ համար նշանակություն ունի, բայց․․․ բայց ի՞նչ։ Պետք է զիջե՞նք հանուն Արևմուտքի գերխնդրի՝ Ռուսաստանի և Չինաստանի դեմ պայքարի՝ Թուրքիային դրանում մեծ դերակատարություն հատկացնելու առումով»,- ասաց նա։
Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը, ըստ Իսագուլյանի, կարող է լինել միայն ժողովրդական ընդվզումն ու իշխանափոխությունը։
«Ժողովրդական ընդվզումը միակ ճանապարհն է, որով մենք կարող ենք ազատվել։ Որովհետև Նիկոլը ոչ միայն խոստումներ է տվել ու հիմա վախենում է։ Ինքը նախնական պայմանավորվածությամբ է եկել իշխանության։ Ու այդ խնդրները լուծելու է։ Իրեն ինչ-որ երաշխիքներ են տվել, որ երբ այդ բոլոր խնդիրները լուծես, մի անհանգստացիր ո՛չ քո, ո՛չ քո ընտանիքի համար։ Ճիշտ է, Արևմուտքը միշտ իր ծառաներին վերջում գլխատում է, ինչ-որ առումով, դրա բազմաթիվ օրինակների ականատեսը եղել ենք։ Ե՛վ Սադամ Հուսեինը, և՛ Քադաֆին և մյուսները կատարել էին այն, ինչ Արևմուտքը պահանջել էր, բայց վերջում այդ նույն Արևմուտքը աղաց իրենց գլուխները։ Չի բացառվում, որ այս պարագայում էլ դա լինի»,- ասաց նա։