Իսրայելի անվտանգության ուժերը ներխուժել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթ, տասնյակ մարդիկ վիրավորվել են
copy image url

Իսրայելի անվտանգության ուժերը ներխուժել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթ, տասնյակ մարդիկ վիրավորվել են

Արտաքին 2 տարի առաջ - 15:00 05-04-2023
Իսրայելի անվտանգության զինված ուժերը այսօր վաղ առավոտյան ներխուժել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի աղոթասրահ, ինչի հետևանքով հավատացյալների հետ բախումներ են տեղի ունեցել։ Ինչպես փոխանցում են արաբական լրատվամիջոցները, բախումների ընթացքում տասնյակ մարդիկ վիրավորվել են, ավելի քան 200 մարդ բերման է ենթարկվել։

Հաղորդվում է, որ հարձակման ժամանակ ուժայինները օգտագործել են խլացուցիչ նռնակներ, թունավոր գազ և ռետինե փամփուշտներ, մարդկանց ծեծի են ենթարկել մահակներով և ինքնաձիգի խզակոթներով։

Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ աղոթքի ժամանակ Երուսաղեմի մզկիթի տարածք ներխուժումն իրականացվել է ի պատասխան ավելի վաղ տեղի ունեցած անկարգությունների։ Իսրայելական զինվորականները հայտնել են, որ Գազայի հատվածի ողջ իսրայելական համայնքներում հնչում են ազդանշաններ՝ նախազգուշացնելով մուտքային հրթիռների մասին:

Երուսաղեմի մզկիթի վրա հարձակումը պաղեստինցիների բողոքի և դատապարտման պատճառ է դարձել: Գազայում ՀԱՄԱՍ-ը (Պաղեստինյան «Իսլամական դիմադրության շարժումը», որը իշխում է Գազայի հատվածում) կոչ է արել զանգվածային բողոքի ակցիաներ իրականացնել, որից հետո մարդիկ սկսեցին հավաքվել փողոցներում և երըթով շարժվել դեպի Գազա-Իսրայել խստորեն պահպանվող սահման։

Պաղեստինյան պաշտոնական Wafa լրատվական գործակալությունը հաղորդում է, հարձակման հետևանքով վիրավորվել են տասնյակ հավատացյալներ, ովքեր ամբողջ գիշեր գտնվել են մզկիթում և աղոթք են իրականացրել։

Պաղեստինյան Կարմիր մահիկն իր հերթին նշել է, որ իսրայելական ուժերը թույլ չեն տվել բուժաշխատողներին հասնել մզկիթ։ Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ալ-Աքսայում տեղի ունեցած բախումները՝ Իսրայելից պահանջելով դուրս բերել զորքերը սրբավայրից։