Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել
copy image url

Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Արտաքին 2 տարի առաջ - 22:30 22-03-2023
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Շոյգուի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են ուկրաինական պատերազմին, հացահատիկային փոխադրումներին, ինչպես նաև Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցերի շրջանակ։

Աքարը գոհունակություն է հայտնել հացահատիկային համաձայնագրի երկարաձգման հարցում կողմերի համագործակցության կապակցությամբ և ընդգծել բեռնափոխադրումների անխափան շարունակելու կարևորությունը։ Նրա խոսքով՝ հացահատիկային համաձայնագիրը մեծապես նպաստել է համաշխարհային պարենային ճգնաժամի լուծմանը։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը շեշտել է, որ Թուրքիան կշարունակի նպաստել տարածաշրջանում խաղաղության և մարդասիրական օգնության ապահովման գործում, ինչպես դա արել է մինչ այժմ։ Անդրադառնալով Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակին՝ Հուլուսի Աքարը հայտնել է, որ Թուրքիայի միակ նպատակը ահաբեկչության դեմ պայքարն է՝ իր սահմանների ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և հետագա մարդկային ողբերգությունը կանխելու համար։

Աքարի համոզմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ Սիրիայի հարցով ընթացող բանակցությունները լուրջ ներդրում կունենան տարածաշրջանում և Սիրիայում խաղաղության և կայունության հաստատման համար։ Նա շեշտել է, որ բանակցությունների շարունակությունը մեծ նշանակություն ունի։

Թուրք պաշտոնյան միևնույն ժամանակ երախտագիտություն է հայտնել երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետ Ռուսաստանի ցուցաբերած աջակցության և համերաշխության համար։

Ամենից շատ դիտված