Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ աջակցություն է հայտնել Ուկրաինայում իրականացվող ռուսական հատուկ ռազմական գործողությանը (ռուս-ուկրաինական պատերազմ-խմբ)։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Интерфакс լրատվական գործակալությունը։
Սիրիայի նախագահը պնդել է, որ արևմուտքն ինչպես նախկինում է իր հողում ընդունել նացիստներին, այնպես էլ այժմ աջակցում է ժամանակակից նացիստներին։
«Այժմ ես ուզում եմ օգտագործել պահը, քանի որ սա իմ առաջին այցն է Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո՝ վերահաստատելու սիրիական դիրքորոշումը՝ ի պաշտպանություն նեոնացիստների և հին նացիստների դեմ այս հատուկ գործողության։ Ես ասում եմ, որ սրանք հին ու նոր նացիստներ են, քանի որ Արևմուտքը, ինչպես ընդունեց հին նացիստներին իր հողում, այժմ էլ աջակցում է նրանց ներկա ժամանակներում»,- ասել է նա։
Ասադն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ այս հարցում իր երկրի դիրքորոշումը կապված չէ միայն Սիրիայի և Ռուսաստանի բարեկամության հետ։ Նրա խոսքով՝ աշխարհն այսօր կայունացման կարիք ունի։ «Մեր դիրքորոշումը չի բխում միայն մեր միջև գոյություն ունեցող բարեկամությունից և նվիրվածությունից, մեր դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ աշխարհն իսկապես կայունացման կարիք ունի, այլապես այն մոտ կլինի մեծ փլուզմանը»,- հայտարարել է նա։
Սիրիայի նախագահը հավելել է նաև, որ չնայած Ռուսաստանն այժմ հատուկ գործողություն է իրականացնում, նրա աջակցությունը Սիրիային չի փոխվել։
Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր
Oragir.News-ը, Մոսկվայում այսօր կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում Պուտինը շեշտել էր, որ Ռուսաստանը և Սիրիան համատեղ ջանքերով զգալի հաջողություններ են արձանագրել ահաբեկչության դեմ պայքարում։