Ադրբեջանի նպատակը ԼՂ-ի հետ բանակցությունների վիժեցումը և ռազմական սադրանքի ֆոն ստեղծելն է. Փաշինյան
copy image url

Ադրբեջանի նպատակը ԼՂ-ի հետ բանակցությունների վիժեցումը և ռազմական սադրանքի ֆոն ստեղծելն է. Փաշինյան

Ներքին 2 տարի առաջ - 11:53 09-03-2023
Մարտի 5-ի ահաբեկչությամբ Ադրբեջանը մի քանի նպատակ էր հետապնդում: Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջինը ԼՂ ներկայացուցիչների հետ հետագա բանակցությունների վիժեցումը և նոր ռազմական սադրանքի համար անհրաժեշտ ֆոն ստեղծելն է: ԼՂ ԱԳՆ-ն երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ արտահայտելով պատրաստակամությունն շարունակելու խոսակցությունը Ադրբեջանի հետ և սա չափազանց կարևոր հայտարարություն է:

Կարծում եմ՝ անհրաժեշտ է միջազգային հուսալի մեխանիզմներ ստեղծել, որ Բաքու-Ստեփանակերտ անխափան, ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա եւ սա վերը հիշատակված միջազգային պայմանավորվածության իրացման արդյունավետ երաշխիք կարող է դառնալ:

Մարտի 5-ի սադրանքի հաջորդ նպատակն էր ստեղծել կեղծ ապացույցներ, թե Հայաստանից ԼՂ զենք, զինամթերք է տեղափոխվում:

Այս թեման Ադրբեջանի համար կարևոր է հատկապես Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումից հետո, երբ դատարանը միանշանակ ու աներկբա մերժեց Հայաստանի նկատմամբ ժամանակավոր կիրառելու Ադրբեջանի պահանջը, որով Ադրբեջանը ՀՀ-ին մեղադրում էր ականապատումներ իրականացնելու մեջ: Այդ մերժմամբ արդեն մի քանի ամիս միջազգային հարթակներում Հայաստանի դեմ ծավալվող անհիմն մեղադրանքները կանապատումների մասին փլուզվեցին: Սա չափազանց կարևոր էր:

Եվ ահա Ադրբեջանը մարտի 5-ի միջադեպը փորձ էր անում ներկայացնել որպես ՀՀ-ից ԼՂ զենք, զինամթերք տեղափոխելու ապացույց, ինչը չստացվեց երկու պատճառով: Նախ, ոստիկանության ՈՒԱԶ-ը ոչ թե գնում էր դեպի Ստեփանակերտ, այլ Ստեփանակերտից էր դուրս եկել, երկրորդ, Ադրբեջանի հարձակումը և նաև ՈՒԱԶ-ի հետագիծը Ստեփանակերտից մինչև դեպքի վայր, նկարահանվել էր ԼՂ ՆԳ նախարարության տեսախիցիկների կողմից, ինչից ակնհայտ էր դառնում, որ ոստիկանական ավտոմեքենայում բացի փաստաթղթերից ու տաբելային զենքերից, որևէ այլ բան չի եղել»:

Ադրբեջանի հաջորդ կարևոր նպատակը, ըստ Փաշինյանի, հետևյալն էր. արյունոտ ահաբեկչությամբ ձևավորել նոր խոսույթներ, տեղեկատվական նորանոր հոսքեր, որոնք կծածկեն կարևորագույն մի փաստ, այն, որ Ադրբեջանը բացահայտ կերպով չի կատարում միջազգային դատական ատյանի՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ:

«Հիշեցնեմ, որ պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ դատարանն Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Եվ ահա այս որոշումը 15 օր շարունակ չի կատարվում, և սա բացառապես Ադրբեջանի պատասխանատվությունն է: Դեռ հակառակը, Ադրբեջանը գնում է նորանոր սադրանքների իրադրությունը ԼՂ-ում էլ ավելի սրելու համար:

Այս ամենի ընդգծումով ավելի ու ավելի հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը՝ կանխելու համար Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծումը և ԼՂ-ի ժողովրդին էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները, որոնք արտահայտվում են միջազգային դատարանների որոշումները չկատարելով, Լաչինի միջանցքը փակ պահելով, ռազմական սադրանքներ եւ ահաբեկչական գործողություններ ձեռնարկելով»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա նաև վերահաստատեց Հայաստանի տարածաշրջանում խաղաղության հասնելու ձգտումը և հավատարմությունը խաղաղության օրակարգին:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում