Հայաստանը պետք է աշխատի բոլոր կողմերի հետ՝ չհայտնվելով որևէ կողմի վաակումում․ քաղաքագետ
copy image url

Հայաստանը պետք է աշխատի բոլոր կողմերի հետ՝ չհայտնվելով որևէ կողմի վաակումում․ քաղաքագետ

Ներքին 2 տարի առաջ - 19:31 25-02-2023
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ տարածաշրջան այցի քննարկման առարկան առկա հայ-ադրբեջանական հակամարտությունն է, Արցախի խնդիրը և, այսպես կոչված «խաղաղության համաձայնագիրը»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

«Այդ հարցերը միջազգային խոշոր դերակատարների համար քննարկվում են միմյանց միջև ազդեցության պայքարի շատ հայտնի համատեքստում։ Այսինքն, մենք տեսնում ենք, որ կա այդ ազդեցության պայքարը, որն արտահայտվում է հիմնականում Արևմուտք-Ռուսաստան դիմակայությամբ, բայց, որը, իհարկե, շատ ավելի բազմազան է և շատ ավելի շերտավորված։ Հիմա նաև Չինաստանն է փորձում ակտիվանալ այդ հարթությունում և ներկայացնել իր դերակատարման ավելի հնչեղ հայտ»,- ասաց նա։

Այս համատեքստում էլ, ըստ քաղաքագետի, ակնհայտորեն երևում է հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ միջազգային մրցակցության ուժգնացման միտումը։
«Հայաստանն առաջին հայացքից ունի շատ պարզ խնդիրներ․ դրանք Արցախի անվտանգության և իրավունքների, և Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցերն են, նաև ինքնիշխան քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը»,- ասաց նա։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Հայաստանն այս պարագայում փորձում է օգտագործել բոլոր ուղղություններով եղած հնարավորությունները։

«Սա վերաբերում է ոչ միայն Ռուսաստան-Արևմուտք ուղղություններին։ Մենք տեսնում ենք նաև Թուրքիայի ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք ևս անհրաժեշտ են՝ անվտանգության ռիսկերը կառավարելու տեսանկյունից։ Այսինքն, եթե համառոտ ասած, Հայաստանի խնդիրն է չհայտնվել այդ խոշոր դիմակայության կողմերից որևէ մեկի ճամբարում և չդառնալ մյուսի դեմ գործողությունների կողմ։ Եվ, միևնույն ժամանակ, օգտագործել բոլոր կողմերում առկա հնարավորությունները՝ բոլորին բացատրելով, որ Հայաստանի խնդիրը շատ պարզ է՝ լուծել անվտանգության հարցեր, և ցանկացած վաակում, որ կարող է առաջանալ մեկի կամ մյուսի թուլանալու, հնարավորությունները նվազելու կամ շահերի չհամապատասխանելու հետևանքով՝ Հայաստանի համար կարող է լինել ճակատագրական։ Եվ, հետևաբար, Հայաստանը պետք է ձգտի աշխատել բոլոր ուղղություններով՝ որևէ անգամ կարճաժամկետ վաակումներ թույլ չտալու համար»,- եզրափակեց փորձագետը։