Թուրքիայի և Սիրիայի աղետի գոտում առկա է վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկ. փորձագետներ
copy image url

Թուրքիայի և Սիրիայի աղետի գոտում առկա է վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկ. փորձագետներ

Արտաքին 2 տարի առաջ - 13:00 23-02-2023
Թուրքիայի և Սիրիայի ավերիչ երկրաշարժերից տուժած շրջաններում առկա է վարակիչ հիվանդությունների՝ այդ թվում նաև խոլերայի տարածման վտանգ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը։

Հաղորդվում է, որ ավերիչ երկրաշարժերից հետո՝ առողջապահության ոլորտում Թուրքիայի և Սիրիայի հիմնական անհետաձգելի կարիքները կապված են առողջապահական համակարգին հասցված վնասների ու խափանումների հետ։

Կենտրոնը հայտնում է, որ վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքը կարող է մտահոգություն առաջացնել առաջիկա երկու-չորս շաբաթվա ընթացքում: «Առաջիկա շաբաթներին տուժած շրջաններում խոլերայի դեպքերի աճի հավանականությունը մեծ է»,-ասվում է հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ մասնագետները չեն բացառում տուժածների համար նախատեսված ճամբարներում այլ հիվանդությունների զարգացումը, ինչպիսիք են հեպատիտ A-ն և ռոտավիրուսը:

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը մեկնաբանել է, որ վարակների տարածմանը կարող են հանգեցնել մաքուր ջրի սահմանափակ հասանելիությունը, ոչ ադեկվատ սանիտարահիգիենիկ պայմանները, սննդի ոչ պատշաճ ջերմամշակումը: Փորձագետների կարծիքով՝ հատուկ մտահոգություն են առաջացնում շնչառական վարակները։

Ամենից շատ դիտված