Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին հայտարարել է, որ մարտի կեսերին կայցելի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Ինչպես փոխանցում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, այս մասին Լուկաշենկոն ասել է Բելառուսում Իրանի դեսպան Սաիդ Յարիի հետ հանդիպման ժամանակ։
«Գիտեք, որ մոտ ապագայում՝ մարտի կեսերին, ես նախատեսում եմ Իրանի նախագահի հրավերով այց կատարել Իրան, և այնտեղ մենք կքննարկենք մեր հարաբերությունների կարևոր հարցերը»,- ասել է նա։
Լուկաշենկոն համոզված է, որ Իրանում կայանալիք բանակցությունները երկկողմ հարաբերությունները կտեղափոխեն համագործակցության ավելի բարձր մակարդակ: Նրա խոսքով՝ կարևոր է պահը չկորնել՝ երկկողմ հարաբերությունները ավելի բարձր մակարդակի վրա կառուցելու համար։
Բելառուսում Իրանի դեսպանը հայտնել էր, որ Բելառուսի նախագահի առաջիկա այցը պատմական պահ է երկու երկրների հարաբերություններում։ Նա ասել է, որ Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող կարևոր հարցեր:
Սաիդ Յարին նշել է, որ Լուկաշենկոյի այցի օրակարգում կլինեն քաղաքական և առևտրատնտեսական շատ կարևոր հարցեր։ Նա շեշտել է, որ Իրանի և Բելառուսի հարաբերություններն այժմ գտնվում են զարգացման գագաթնակետին՝ վստահություն հայտնելով, որ այցից հետո երկկողմ հարաբերություններն էլ ավելի կզարգանան։
Նա հավելել է, որ Բելառուսի նախագահի այցը տեղի կունենա երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի նախաշեմին։ Դեսպանն ասել է նաև, որ 2023 թվականը կհայտարարվի Իրանի և Բելառուսի միջև բարեկամության տարի։