ԱԱԾ-ն փորձել է վրաններից հեռացնել ՊՆ նախկին շենքի բնակիչներին․ լարված իրավիճակ

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:33 20-02-2023
Պռոշյան համայնքում գտնվող, ՊՆ նախկին շենքում տարիներ շարունակ բնակվող քաղաքացիներին, մի քանի օր առաջ ոստիկանության զորքերի միջոցով վտարել են զբաղեցրած սենյակներից։

Բնակիչները մնացել են շենքի մոտ, վրան են տեղադրել։ Երեխաները ծնողների հետ են, չնայած դրսում անտանելի ցուրտ է։

Արցախյան պատերազմի մասնակից, 14 վիրավորում ունեցող Գևորգ Մկրտչյանն Oragir․News-ի հետ զրույցում հայտնեց, որ ԱԱԾ աշխատակիցները փորձել են բռնությամբ տարածքից հեռացնել տղամարդկանց։

Նա նշեց, որ երկու օր է փոխզիջման չգնացած բնակիչները գիշերում են վրանում։ Գևորգը երկու անչափահաս երեխա ունի, մեծը 16 տարեկան է, իսկ փոքրը՝ 4 ամսական։ Վստահեցնում է՝ դուրս չեն գա տարածքից, որովհետև գնալու տեղ չունեն։

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին վաղ առավոտյան ոստիկանական ուժերը բռնությամբ իրենց զբաղեցրած սենյակներից վտարել են ՊՆ նախկին շենքում բնակություն հաստատած քաղաքացիներին։ Մոտ երկու հարյուր ընտանիք մնացել եմ անօթևան։ Պատկան մարմինները նշում են, որ շենքը փոխանցվել է ՊԵԿ-ին և բնակիչները պետք է հեռանան։