Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Իսրայելից ժամանած United Hatzalah փրկարարական խումբը լքում է Թուրքիան՝ փրկարարների նկատմամբ առկա անվտանգության զգալի սպառնալիքի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը՝ վկայակոչելով փրկարարական խմբի հայտարարությունը։
Հաղորդվում է, որ խմբի ղեկավարությունը հետախուզական տեղեկություններ է ստացել, որ իսրայելական փրկարարական պատվիրակության անդամների նկատմամբ առկա է հստակ և անմիջական սպառնալիք։ «United Hatzalah»-ի գործադիր տնօրեն Էլի Փոլակը և օպերատիվ գծով փոխնախագահ Դով Մեյզելը հայտնել են, որ իրենք պետք է նախևառաջ ապահովեն իրենց փրկարարների անվտանգությունը։
«Մենք գիտեինք, որ որոշակի մակարդակի ռիսկ կա մեր թիմը Թուրքիայի այս տարածք ուղարկելու մեջ, որը մոտ է սիրիական սահմանին, սակայն մենք անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկել՝ սպառնալիքը մեղմելու և կյանքեր փրկելու առաքելության համար», - ասել է Մեյզելը:
Վերջիններս տեղեկացրել են, որ համապատասխան որոշումն ընդունվել է Իսրայելի պաշտպանության ուժերի ղեկավարների, ներքին ճակատի հրամանատարության եւ որոնողափրկարարական ստորաբաժանումների հետ համատեղ գնահատումից հետո։
Ավելի վաղ Ավստրիայից և Գերմանիայից ժամանած փրկարարական խմբերը նույնպես ժամանակավորապես դադարեցրել էին իրենց աշխատանքը Թուրքիայում՝ հայտնելով անվտանգության ռիսկերի և անհայտ խմբերի միջեւ բախումների մասին։