Գազամատակարարումը դադարեցված է, բայց արցախցու պայքարի ոգին չի կոտրվում. Արցախի բնակիչ
copy image url

Գազամատակարարումը դադարեցված է, բայց արցախցու պայքարի ոգին չի կոտրվում. Արցախի բնակիչ

Ներքին 2 տարի առաջ - 17:21 07-02-2023

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից:

«Գազն անջատել են, այս պահին միայն ավագ դպրոցներն են աշխատում»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի բնակիչ Աննա Մանգասարյանը:

Նրա խոսքով՝ հիմա դասարանները ջեռուցվում են էլեկտրաէներգիայի և փայտի վառարանների հաշվին:

Նա նշեց, որ գազի անջատումներից հետո հնարավոր է էլեկտրաէնրգիայի անջատումներն ավելանան. «Հիմա լույսերն անջատում են օրական երեք անգամ երկու ժամով, բայց հնարավոր է՝ սկսեն անջատել ավելի շատ, քանի որ Սարսանգի ջրամբարն այդքան հնարավորություն չունի, որ լույս տա:

Սպասում ենք տեղումներ լինեն, որ տեղումների հաշվին այն լցվի»:

Հարցին՝ ի՞նչ իրավիճակ է հիմա Արցախում, արդյո՞ք կա սննդի պակաս, Աննան ասաց. «Սնունդը շատ չէ, բայց անհրաժեշտ ապրանքները գոյատևելու համար արդեն կա: Փառք Աստծո, ներկա պահին իրավիճակը սուղ չէ»:

Անդրադառնալով արցախցիների տրամադրությանը՝ Աննան ասաց, որ հույս ունեն, որ ամեն ինչ լավ է լինելու. «Պայքարում են, հուսով ենք, որ ամեն ինչ կհաղթահարենք: Արցախցու պայքարի ոգին չի կոտրվում»: