Մենք մեծ նշանակություն ենք տալիս պարենային անվտանգության լոկալ և միութենական համակարգերի զարգացմանը։ Այս մասին ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ԵՏՄ անդամ պետությունների հավաքական պարենային անվտանգության համակարգի ստեղծման ուղղությամբ համագործակցության ակտիվացումը հեռանկարում թույլ կտա բարձրացնել առկա ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, զսպել ինֆլյացիան, ապահովել պարենի հասանելիությունը եւ ակտիվացնել փոխադարձ առևտուրը:
Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի լիաֆորմատ աշխատանքի նպատակով Հայաստանի վարչապետը մատնանշել է գործողության համաժամացման անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա ձևավորել հուսալի թվային շրջանակ՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովման համար:
Թվային տնտեսության զարգացումը և թվային տեխնոլոգիաների ներդրումը նա անվանել է օբյեկտիվ անհրաժեշտություն միասնական թվային տարածքի ձևավորման համար։
«Այս համատեքստում կնշեմ տեղեկատվության միջպետական փոխանակման համակարգի գործիքների արդիականությունն ու պահանջվածությունը, ինտեգրացիոն էֆեկտով թվային նախագծերի ստեղծումն ու զարգացումը։ Չնայած ձեռք բերված արդյունքներին՝ անհրաժեշտ է շարունակաբար ընդլայնել թվային օրակարգի առաջնահերթությունները»,- նշել է Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ միության հետագա զարգացման նպատակով անհրաժեշտ է շարունակել համակարգային և հետևողական աշխատանքը՝ հիմնված ներքին հնարավորությունների և ռեսուրսների ամուր հիմքի վրա, որոնք ուղղված են տնտեսական զարգացման ապահովմանը, ազգային տնտեսության մրցունակության բարձրացմանը և մեր քաղաքացիների բարեկեցությանը:
Այդ նպատակներին հասնելու համար նա կարևոր է համարել բիզնեսի համար հարմարավետ պայմանների ստեղծումը, խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքը, ձեռնարկատիրության ոլորտում փոխգործակցության զարգացումը։
Նրա խոսքով՝ որոշիչ դեր են խաղում արտադրության բոլոր փուլերում արտադրողներին աջակցելու միջոցառումները։
Այս համատեքստում Փաշինյանը կարևորել է ինտեգրացիոն ներուժ ունեցող արդյունաբերական նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմների կիրառմանն ուղղված իրավական ակտերի շուտափույթ մշակումն ու ընդունումը։
Հայաստանի կառավարության ղեկավարը վստահ է, որ այս ուղղության զարգացումը թույլ կտա արդյունաբերողների ջանքերը կենտրոնացնել սեփական արտադրության վրա տնտեսության այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են ռադիոէլեկտրոնիկայի մեքենաշինությունը, ավիաշինությունը, ծրագրային ապահովման արտադրությունը, դեղագործական եւ բժշկական արդյունաբերությունը:
«Միության մրցունակ արդյունաբերության ձևավորումը պայմանավորված է նաեւ տեխնոլոգիական անկախության մակարդակով և նոր տեխնոլոգիաների ներդրման դինամիկայով։ Սա ԵՏՄ անվիճելի գերակայությունն է մոտակա և միջնաժամկետ հեռանկարում։ Տեխնոլոգիական անկախության ամրապնդումն ուղղակի կախվածություն ունի նոր տեխնոլոգիական կարգի անցումից և չի կարող իրականացվել միաժամանակ: Անցումը կպահանջի գործող արտադրությունների արդիականացում, ինչպես նաեւ նոր նորարարական ոլորտների ստեղծում։
Միությունում պետք է կառուցվի տեխնոլոգիական կանխատեսման համակարգ՝ տեխնոլոգիաների զարգացման ոլորտում առավել հեռանկարային միտումները ժամանակին բացահայտելու համար։ Ընդ որում փոխգործակցության կարևոր տարր կարող է դառնալ լավագույն մատչելի տեխնոլոգիաների տվյալների բանկի ստեղծումը»,- եզրափակել է Փաշինյանը։