Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը հայտարարել է, որ նորացված գնահատականների համաձայն Արցախի օկուպացված տարածքների ականազերծման գործընթացը կարող է տևել մինչև 30 տարի։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մամեդովն այս մասին ասել է Արդարադատության միջազգային դատարանում տեղի ունեցած լսումներում իր ունեցած ելույթի ժամանակ։
Նա հիշեցրել է, որ նախկին գնահատականների համաձայն՝ գործընթացի համար կարող էր պահանջվել մինչև տասը տարի, սակայն նոր ականների հայտնաբերումը կերկարաձգի գործընացը։
«2021 թվականի հոկտեմբերին մենք դատարանին հայտնեցինք, որ հրատապ միջամտության բացակայության դեպքում կպահանջվի մինչև տասը տարի՝ ականազերծման գործողությունը բավարար չափով ավարտելու համար, որպեսզի ադրբեջանցի հարկադիր վերաբնակների մեծ մասը վերադառնա իրենց տները: Հիմա, հաշվի առնելով հազարավոր նոր ականների և պայթուցիկ սարքերի հայտնաբերումը, ըստ նորացված գնահատականների, դա կարող է տևել մոտավորապես 30 տարի»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել Արցախի օկուպացած տարածքներում առկա ականապատված տարածքների բոլոր քարտեզները։