Իսրայելը ռազմական հատուկ գործողություն է սկսել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, որի տարածքում նախորդ գիշեր մի քանի պայթյուն է տեղի ունեցել, օդում նկատվել են ռազմական ինքնաթիռներ։ Այս մասին տեղեկացնում է Al Arabia լրատվական գործակալությունը։
«Իսրայելը հատուկ գործողություն է սկսել Իրանում»,- ասվում է հաղորդագրություններից մեկում։
Գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Թավրիզում իրանական անօդաչու թռչող սարքերի գործարանի, Սպահանում գտնվող ռազմական օբյեկտի և Մալարդի զինամթերքի պահեստի վրա: Նշվում է, որ Իսրայելի նպատակը լինելու է Իրանի ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը։
Նշենք, որ Իսրայելը պաշտոնապես չի ստանձնել Իրանում իրականացված պայթյունների պատասխանատվությունը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, նախորդ գիշեր անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հզոր պայթյուն է որոտացել Սպահան քաղաքում Իրանի պաշտպանության նախարարության զինամթերքի պահեստում։